Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Թուրքիայում քրդերը հայտարարեցին ինքնավարության ստեղծման մասին

Թուրքիայում քրդերը հայտարարեցին ինքնավարության ստեղծման մասին

sirnak-dbpԹուրքիայի հարավային` Իրաքին և Սիրիային սահմանակից Շըրնաք նահանգի համանուն կենտրոնը քրդական ղեկավարության կողմից հռչակվել է ինքավար, իշխանությունն իր ձեռքում է կենտրոնացրել Շըրնաքի ժաղովրդական խորհրդարանը: Այս մասին օգոստոսի 10-ին հայտարարել են քրդական «Ժողովրդավարական տարածաշրջանների կուսակցության» (DBP) Շըրնաքի նահանգային բաժանմունքի ղեկավար Սալիհ Գյուլենչը, և նահանգային կենտրոն Շըրնաք քաղաքի ղեկավար Սերհաթ Քադըրհանը, ով ևս այդ կուսակցության անդամ է: Հայտարարության տեսագրությունը և մանրամասները փոխանցել է թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալությունը:

Մասնավորապես քրդական կուսակցության նահանգային բաժանմունքի ղեկավարը հայտարարել է, որ «2013-ից ի վեր թուրքական կառավարությունը ոչ մի քայլ չի կատարել Աբդուլլահ Օջալանի սկսած խաղաղ բանակցությունների գործընթացի հաջողման համար: Ընտրություններից առաջ և հետո իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) շարունակել է քրդերին ոչնչացնելու և խաղաղ գործընթացը խաթարելու քաղաքականությունը:

Սկսած 2013 թվականաից և մասնավորապես վերջին 5 ամիսների ընթացքում` չնայած այն բանին, որ Աբդուլլահ Օջալանը խաղաղության գործընթացի գլխավոր «խաղացողն» է, նրա ազդեցության բոլոր խողովակները փակվել են: Թուրքական կառավարությունը պետք է անմիջապես ազատ արձակի Աբդուլլահ Օջալանին և նպաստի խաղաղ բանակցությունների գործընթացի վերսկսմանը:

Շըրնաք նահանգի Սուրուչ գավառում հուլիսի 20-ին իրականացված ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվեց քրդական «Սոցիալիստական երիտասարդական ասոցիացիաների ֆեդերացիայի» 32 անդամ: «ԱԶԿ-ն այս շրջանը համարում է իբրև «Քուրդիստան» և շարունակում է պատերազմ վարել մեր դեմ: Իրաքի քրդական լեռներում օդային գործողություններ սկսելով` ցեղասպան կոտորոծներ է իրականացնում, ինչի վառ  օրինակներից է Զերգելե գյուղում 8 խաղաղ բնակչի սպանությունը, ինչպես նաև օգոստոսի 7-ին ևս 3 անմեղ մարդկանց սպանությունները:

Մերժելով իրականացվող կոտորածները` Շըրնաքի ժողովրդական խորհրդարանը (Şırnak Halk Meclisi) հրաժարվում է ընդունել պետական որևէ գերատեսչության իշխանությունը և թուրքական կառավարության լեգիտիմությունը` հռչակելով քաղաքի ինքնավարությունը: Այս պահից քաղաքի ժողովրդավարական կառավարումը կիրականացնի  Շըրնաքի ժողովրդական խորհրդարանը»,-հայտարարել է քրդական կուսակցության Շըրնաքի նահանգային բաժանմունքի ղեկավարը:

Դիտվել է 92 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy