Շիրակում հացահատիկն ամբողջությամբ վնասվել է

Հունիսի 24-ին 15:30-ի սահմաններում ավելի քան 25 րոպե տևած կարկտահարության հետևանքով տուժել է Շիրակի մարզի 12 համայնք: Politik.am-ը զրուցել է մարզի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանի հետ՝ հասկանալու համար վնասների մասշտաբները:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ուսումնասիրությունները դեռ չեն ավարտվել՝ մեծ ծավալների պատճառով, կարող են տևել դեռ մինչև 5 օր, այնպես որ հստակ թվական տվյալներ չի կարող հայտնել: Վարչության պետի խոսքով՝ կան 30-100%-ով վնասված ցանքատարածություններ: Ուսումնասիրություններ են կատարվում այն համայնքներում, որտեղից ահազանգ են ստանում: Եթե ուսումնասիրությունը պարզում է, որ վնասվել է բերքի մինչև 30%-ը, դա վնաս չի համարվում, քանի որ է մշակաբույսը հետագայում բերք տալու է՝ որոշ ագրոտեխնիկական միջոցառումներ իրականացնելուց հետո: Պետությունը փոխհատուցում տալիս է 50% և ավելի վնասման դեպքում:

Ըստ Մանուկյանի՝ վնասվել են և՛ գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները, և՛ տնամերձ ջերմոցներն ու այգիները, ինչն է դժվարացնում է ուսումնասիրության ընթացքը:

Այս պահի ուսումնասիրության համաձայն՝ կարտոֆիլը դիմացել է որոշ չափով, հացահատիկն ամբողջությամբ վնասվել է: