Մանրամասններ այն սպանությունից, որի հետ կապվում է Սեյրան Օհանյանի կնոջ անունը

սեյրան«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը անդրադարձել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ մեղադրանքներին: Հոդվածը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Օրեր առաջ պաշտպանության նախարարի տիկինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ով ինչպես գիտեք «Հրապարակին» դատի է տվել, իր ֆեյսբուքյան էջում մի գրառում էր արել «Հրապարակի» գլխավոր խմբագրին վերաբերող։ Ահա այն․

«Երեկ ես իմ էլեկտրոնային փոստին ստացա «Հայկական ժամանակ» թերթում 12 տարի առաջ տպագրված մի հոդված, որի հեղինակը «Հրապարակ» թերթի ներկայիս խմբագիր Արմինե Օհանյանն է: Այս հրապարակման մեջ Արմինե Օհանյանը լուսաբանել է իր իսկ կողմից շահարկվող վթարը և դրան հաջորդած իրադարձությունները: Ակնհայտ է, որ սույն տիկինը, լուսաբանելով նյութը, տիրապետում էր դեպքի բոլոր մանրամասներին և քաջատեղյակ էր, որ ես՝ Ռուզաննա Խաչատրյանս, որևէ առնչություն չունեմ այդ ողբերգական իրադարձությունների հետ: Այսպիսով, «Հրապարակ» թերթը միտումնավոր, ինձ վարկաբեկելու նպատակով, տպագրել է տվյալ նյութը՝ ցույց տալով իր ներգրավվածությունը լրագրողական այս անպարկեշտ ու նենգ խաղին:
«Զինվորական բժիշկների հայկական ասոցացիա»
ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյան»

Ցավոք, զբաղվածության պատճառով, այս ամբողջ ընթացքում ժամանակ չէի գտնում անդրադառնալու այս գրառմանը։ Այժմ ուզում եմ անդրադառնալ տիկնոջ «մեղադրանքներին» եւ ներկայացնել, թե ինչ է գրվել տարիներ առաջ «Հայկական ժամանակ» օրաթերթում եւ ինչին է տեղյակ եղել տողերիս հեղինակը։
Այո, 2002 եւ 2003 թվականներին ես, որպես «Հայկական ժամանակի» լրագրող, լուսաբանել եմ Հովիկ Մանուկյանի սպանության գործն ու դատաքննությունը։ Ստորեւ տպագրվող հոդվածներում դուք կարող եք մանրամասնորեն ծանոթանալ այդ ողբերգական պատմությանը։ Խոսքը Փայլակ Հայրապետյանի վթարից զոհված որդու՝ Հովիկ Հայրապետյանի յոթի արարողության ժամանակ, ըստ քրեական գործի տվյալների, Միշա Քալանթարյանի (Փայլակ Հայրապետյանի եղբոր) կողմից Հովիկ Հայրապետյանի ընկերոջը՝ Հովիկ Մանուկյանին սպանելու մասին է, որին Հայրապետյանները մեղադրում էին իրենց որդու սպանության համար։ Թեեւ վերջինս ընդամենը ուղեկցել էր նրանց որդուն Աշտարակի ձոր եւ անգամ վթարի ենթարկված ավտոմեքենայի մեջ չէր եղել։

Ամիսներ շարունակ «Հայկական ժամանակի» խմբագրություն էին այցելում Հովիկ Մանուկյանի սգավոր ծնողները եւ խնդրում էին լուսաբանել այս գործը, որի քննությունը թերի է կատարվում, որտեղ, իրենց կարծիքով, դատվում է ոչ թե մարդասպանը, այլ «գժի թուղթ» ունեցող անձը, որին դատավճռով հետագայում հարկադիր բուժում նշանակեցին։ Եւ մենք՝ մեր լրագրողական պարտքին հավատարիմ լուսաբանում էինք այդ գործը։ Սակայն, ցավոք, վթարի գործը, որն առանձին վարույթով էր ընթանում, ոչ Մանուկյանի ծնողների, ոչ մեր հետաքրքրությունների տիրույթում չէր։ Այն ժամանակ մենք ընդամենը գիտեինք, որ վթարի ժամանակ ղեկին կին է եղել, որի անձը որեւէ ձեւով չէր շոշափվում՝ ոչ Մանուկյանների, ոչ էլ, զարմանալիորեն, Հայրապետյանների կողմից։ Նա, ով վթարի հիմնական մեղավորն էր եղել, քանի որ խմած նստել էր ղեկին եւ ուղղակիորեն մեկ, անուղղակիորեն՝ երկու երիտասարդ տղամարդու մահվան պատճառ դարձել, չկար ասպարեզում։ Ափսոս, որ ժամանակին, թերեւս նաեւ անփորձության պատճառով, որպես լրագրող հետեւողական չեղա այդ սպանության նախապատմությանը խորանալու մեջ։

Հիմա շատ հարցականներ գոնե մեզ համար ավելի պարզ կլինեին։ Բայց կարդալով տիկին Ռուզաննա Խաչատրյանի գրառումը, շատ զարմացա այն համոզվածության վրա, որով նա պնդում է, թե ես՝ լուսաբանելով այդ պատմությունը «քաջատեղյակ» եմ եղել վթարի մանրամասներին, իմացել եմ, որ ինքը «որևէ առնչություն չունի այդ ողբերգական իրադարձությունների հետ», ուստի եւ «միտումնավոր վարկաբեկել եմ իրեն»։ Նախ, 12 տարի առաջ լուսաբանած գործի մասին լրագրողին ինչ որ բան հիշեցնելը նույնն է, որ նրան հարցնես, թե 2006 թվականի հոկտեմբերի 10-ին ինչ ես կերել, կամ այդ օրն ինչ շոր էիր հագել։ Ամեն Աստծո օր հոդված գրող մարդիկ ի վիճակի չեն հիշելու իրենց գրած բոլոր հոդվածները, դրանց հերոսներին, զանազան մանրամասներ՝ որքան ուզում է դեպքն ուշագրավ լինի կամ գործող անձինք՝ նշանակալի։ Ես նաեւ հույս ունեի, որ որեւէ խելացի ընթերցող մի պարզ հարց կտա տիկին Ռուզաննային՝ իսկ ի՞նչ հոդվածների մասին է խոսքը, ինչո՞ւ չեք հրապարակում դրանք, որ Արմինե Օհանյանի «կեղծ, ստախոս, նենգ» դեմքը վերջնականպես պարզեք, որ համոզվենք, որ նա տեղյակ է եղել, թե ով էր ավտոմեքենայի ղեկին, սակայն hzam.am կայքի ստահոդ տեղեկությունները հալած յուղի տեղ է ընդունել։

Եւ քանի որ 2002-2003 թվականների մամուլը, մասնավորապես «Հայկական ժամանակ» օրաթերթն էլեկտրոնային արխիվ չունի, հետաքրքվեին նաեւ, թե ինչպե՞ս, որտեղի՞ց եք տեղեկացել, որ այդ թվերին հոդվածներ են գրվել եւ այլն, եւայլն։ Մեզնից մի քանի օր պահանջվեց, որ մեր բանուգործը թողնենք ու գնանք «Հայկական ժամանակի» խմբագրություն, որտեղ ընդամենը մեկ օրինակից պահպանվել են այդ թվականների թերթի հավաքածուները։ Բարեբախտաբար իմ հեղինակած հոդվածները գտնվեցին եւ ես դրանք ներկայացնում եմ ընթերցողի ուշադրությանը՝ առանց որեւէ ստորակետի փոփոխության։ Կարդալով դրանք կհամոզվեք, որ մեր լրագրողական հետաքննության առարկան Հովիկ Մանուկյանի սպանությունն ու այդ գործով դատաքննությունն էր։ Իսկ ընդդիմադիր թերթի լրագրողը բացառված է, որ որեւէ տեղեկություն ունենա եւ այն չհրապարակի։ Այսինքն՝ հրապարակված է այն ամբողջ ինֆորմացիան, որը մենք տիրապետել ենք այդ թվականներին։ Իսկ դա նշանակում է, որ վթարի պատմության մասին տեղեկություններ չենք ունեցել, դրանով չենք զբաղվել, դրանով հետաքրքրված չենք եղել։

Արմինե Օհանյան

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԳԺԻ ԹՂԹՈՎ

հասարակական-պետական մուտացիայի եւս մեկ փայլուն օրինակ
2002-ի հունիսի 12-ին Աշտարակի մայրուղու վրա տեղի ունեցած ավտովթարը ճակատագրական եղավ ոչ միայն հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանի, որի որդին՝ Հովհաննես Հայրապետյանը, վթարից մահացավ, այլեւ նրա որդու ընկերոջ՝ Հովհաննես Մանուկյանի ընտանիքի համար:

Հայրապետյանների ընտանիքն իրենց որդու մահվան մեջ սկսեց մեղադրել որդու ընկերոջը՝ Հովիկ Մանուկյանին, որին Հ. Հայրապետյանը ուտել-խմելուց հետո Աշտարակի ձորում թողնելով շտապ վերադարձել էր Երեւան եւ ճանապարհին ավտովթարի ենթարկվել: Նրա մահից ընդամենը 7 օր անց՝ յոթի արարողության ժամանակ, բազմաթիվ բարձրաստիճան անձանց ներկայությամբ սպանվեց Հովհաննես Մանուկյանը: Պաշտոնական վարկածով սպանություն կատարողը Հովհաննես Հայրապետյանի քեռին էր՝ նախկինում նույնպես սպանություն կատարած եւ անմեղսունակի թղթով կալանքից ազատված Միշա Քալանթարյանը: Մոտ 100 վկաներից գրեթե ոչ մեկը չցանկացավ պատմել իրողությունը, իսկ դատախազությունն էլ ջանք ու եռանդ չխնայեց կատարվածը հոգեկան հիվանդի վրա դնելու եւ գործը կոծկելու համար: Մինչդեռ, ինչպես վկայում էին իրեղեն ապացույցները եւ պատմում էին ներկայանալուց խուսափող վկաները, սպանություն կատարողը միայն Քալանթարյանը չէր. մասնակցել էին ամենաքիչը եւս 2 անձ, անգամ անուներ էին տալիս: Սակայն այդ ամենը բացահայտելը դատախազությանը ձեռնտու չէր՝ Փայլակ Հայրապետյանի մյուս որդին աշխատում է ՀՀ գլխավոր դատախազությունում:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Ալեքսան Հարությունյանը նրա քավորն է, եւ ընդհանրապես Հայրապետյանների ընտանիքն իշխանությունների հովանավորությունն է վայելում, ուստի դատախազությունն աչք փակեց կատարվածի վրա, կեղծվեց անգամ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, եւ մի ֆանտաստիկ պատմություն հորինվեց՝ իբր, Միշա Քալանթարյանը Երզնկյան 40 տան մոտակայքում ապօրինի զենքից կրակել է Հ. Մանուկյանի վրա, եւ երբ ներկա գտնվող անձինք միջամտել են ու զենքը նրանից վերցրել, նա հանել է երկրորդ զենքը եւ, հետապնդելով փախչող վիրավորին, 6 կրակոցով սպանել: Մնացածը տեխնիկայի հարց էր՝ դատահոգեբուժական փորձաքննությամբ Քալանթարյանը կրկին ճանաչվեց անմեղսունակ, անգամ դատարան չբերվեց, եւ Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների 1-ին ատյանի դատարանը 2002-ի դեկտեմբերի 27-ին նրան մեղավոր ճանաչելով՝ ուղարկեց խիստ հսկողության հոգեբուժական հիվանդանոց՝ հարկադիր բուժման: Այս որոշման դեմ սկսեցին բողոքել տուժողները՝ Հովհաննես Մանուկյանի հարազատները, որոնց բողոքները մերժվում էին, քանի որ մեր օրենսգիրքը նման դեպքերում տուժողին զրկել է բողոքելու իրավունքից՝ նման իրավասություն տալով միայն դատախազությանը:

Իսկ դատախազությունն էլ բողոքելու մտադրություն չուներ: Սակայն Քալանթարյանին հարկադիր բուժման ուղարկելու դատական որոշումից ընդամենը 5 ամիս անց՝ 2003-ի հունիսի 12-ին, Էրեբունի, Նուբարաշեն համայնքների 1-ին ատյանի դատարանը, քննության առնելով Նուբարաշենի հանրապետական հոգեբուժական հիվանդանոցի հարկադրական բժշկական միջոցառումների վերանայման հանձնաժողովի միջնորդությունն այն մասին, որ Միշա Քալանթարյանն այլեւս իր եւ շրջապատի համար վտանգավոր չէ, որոշում է կայացրել «խիստ հսկողության հիվանդանոցում հարկադրական բուժումը վերացնելու եւ սովորական հսկողության հիվանդանոցում՝ ընդհանուր հիմունքներով Քալանթարյանի բուժումը շարունակելու» մասին: Այլ կերպ ասած, սպանություն կատարողին 5 ամիս անց բաց են թողել հոգեբուժարանից՝ փաստորեն նրան նոր սպանություն կատարելու ուղեգիր տալով:

Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են: Մեզ մնում է միայն ենթադրել, թե նման բժշկական եզրակացությունը եւ դատարանի նման որոշումն ինչ են նստել «հիվանդի» հարազատների վրա: Դատարանի այս որոշումը, որը դուրս է եղել անգամ մեր ժամանակների անսահման ցինիզմի շրջանակներից, նույնիսկ դատախազությանն է զայրացրել: Թեեւ չի բացառվում, որ դատախազության զայրույթը պայմանավորված է նրանով, որ իրեն պարզապես շրջանցել են: Մենք տեղեկացանք, որ դատարանի որոշման մասին դատախազությունը տեղեկացել է բավական ուշ: Արդյունքում գլխավոր դատախազը անձամբ բողոք է բերել վճռաբեկ դատարան՝ խնդրելով բեկանել Էրեբունի դատարանի որոշումը: Քրեական գործերով վճռաբեկ դատարանի պալատը օգոստոսի 29-ին բեկանել է 1-ին ատյանի որոշումը՝ Քալանթարյանին ընդհանուր հիմունքներով բուժման ուղարկելու կապակցությամբ եւ գործն ուղարկել է նույն դատարան՝ նոր քննության:

Վճռաբեկն իր որոշման մեջ գրել է. «Դատարանը վերանայման հանձնաժողովի տված ակտն ըստ էության չի քննարկել եւ առանց գնահատման ենթարկելու այն ընդունել է միակողմանի եւ մակերեսորեն»: Սա, անշուշտ, չի նշանակում, թե Մանուկյանի սպանության գործն այժմ ըստ էության կքննվի կամ սպանությունը վերջապես կբացահայտվի ամբողջությամբ, այլ ընդամենը նշանակում է, որ Միշա Քալանթարյանին կրկին կուղարկեն հոգեբուժարան, եւ նրա ազատվելը փոքր-ինչ կուշանա՝ ասենք, կկատարվի մեկ տարի անց: Սակայն այս ամենը հետաքրքիր մտորումների տեղիք է տալիս: Եթե դատախազությունը սպանությունը կոծկելու եւ գործը չբացահայտելու իրավունք ունի, ինչու՞ չեն կարող չբուժված հոգեկան հիվանդ-մարդասպանին ազատ արձակելու իրավունք ունենալ նաեւ հոգեբույժներն ու դատավորները: Եթե դատախազները, դատավորներն ու բժիշկները մարդասպաններին արդարացնելու իրավունք ունեն, ապա ինչու՞ շարքային մահկանացուն չի կարող սպանելու իրավունք ունենալ: Աբսո՞ւրդ է. այո՝ բայց մեր իրականությունից բխող:

ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ
2002 թ հուլիս

ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՑԱՌԻԿ ԲԵՍՊՐԵԴԵԼ

Երեկ Վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատը պետք է անդրադառնար 2002-ի հունիսի 19-ին դաժանաբար սպանված 32-ամյա Հովհաննես Մանուկյանի գործին: Այս գործը հանրությանը հայտնի է նրանով, որ սպանվածը գործարար Փայլակ Հայրապետյանի որդու՝ ավտովթարից մահացած Հովհաննես Հայրապետյանի մտերիմ ընկերն էր, եւ նրա սպանությունն էլ կատարվել է վերջինիս մահվան «յոթի» արարողության ժամանակ:

Հայրապետյանները՝ համարելով, որ իրենց որդու մահվան մեջ մեղավոր է Հ. Մանուկյանը, փաստորեն, Լինչի դատաստանի էին ենթարկել նրան կամ, ինչպես իրենք էին արտահայտվել, մատաղ էին արել: Դեպքին ներկա են եղել մոտ 300 բարձրաստիճան եւ մեծահարուստ անձինք, որոնք այդպես էլ չներկայացրին իրականությունը, իսկ նախաքննության մարմինն էլ, իբր, չկարողանալով պարզել, թե ինչպես եւ ում կողմից է կատարվել սպանությունը՝ գործը կոծկեց, մեղադրանք առաջադրելով Հայրապետյանների հոգեկան հիվանդ ազգականի՝ Միշա Քալանթարյանի նկատմամբ, որը գժի թղթով փաստորեն դարձել է սպանությունների պրոֆեսիոնալ պարտակող: Իսկ դա տեղի է ունեցել հետեւյալ մեխանիզմով. Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատավոր Վարդան Աբրահամյանը, փաստորեն, Քալանթարյանին ճանաչելով սպանության հեղինակ եւ հաշվի առնելով նրա առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը, նրան հարկադիր բուժման ուղարկելու որոշում է կայացրել: Մանուկյանի հարազատներն առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել են վերաքննիչ դատարան, սակայն վերջինս հրաժարվել է բողոքը վարույթ ընդունել՝ պատճառաբանելով, որ ըստ քր.դատ.օր.-ի, տուժող կողմը չի կարող վերաքննիչ բողոք բերել: Հենց վերաքննիչի այս որոշումն էլ Մանուկյանների փաստաբանը բողոքարկել էր վճռաբեկ դատարան:

Մինչ վճռաբեկի քննությանն անցնելը, նշենք՝ սա առաջին դեպքը չէ, որ Քալանթարյանին սպանության համար ուղարկում են հարկադիր բուժման, սակայն կարճ ժամանակ անց նա կրկին հայտնվում է ազատության մեջ եւ «սպանություն» կատարում: Հովհաննես Մանուկյանի հայրը՝ Ղազար Մանուկյանը, մեզ հայտնեց, որ հիմա էլ Միշա Քալանթարյանն իր տանն է, սակայն նշեց, որ իրենք գիտեն՝ նա չէ մարդասպանը: Խնդիրն իսկապես Միշա Քալանթարյանի եւ բժիշկների՝ նրան տված տեղեկանքը չէ, այլ ՝ թե ով է սպանողը, եւ ինչու է նախաքննության մարմինը սպանության վրա աչք փակել: Ըստ ականտեսների, այս սպանությանը ներկա են եղել Հովհաննես Մանուկյանի վաղեմի ընկերները, դրանց թվում՝ Ալեքսան Հարությունյանը, դատախազության բազմաթիվ աշխատակիցներ (գլխավոր դատախազությունում է աշխատում նաեւ Փայլակ Հայրապետյանի մյուս որդին՝ Հայրապետ Հայրապետյանը): 2002-ի հունիսի 19-ին, փաստորեն, կոլեկտիվ սպանության ծես է իրականացվել՝ մի քանի զենքից, մի քանի հոգի կրակել են բանից անտեղյակ մարդու վրա, ապա վիրավորին հետապնդել են եւ երբ համոզվել են, որ 5 կրակոցից հետո այլեւս կենդանի չի մնա՝ թողել են արնաքամ լինի փողոցում (ի դեպ, 300 ներկաներից յուրաքանչյուրի նկատմամբ կարող էր մեղադրանք առաջադրվել. գոնե՝ Մանուկյանին ժամանակին օգնություն ցույց չտալու, մարդուն վտանգի մեջ թողնելու կամ իմանալ-չհայտնելու համար):

Պարտակմանը մասնակցել են նաեւ պրոֆեսոր Անանիկյանը, դատաբժշկական փորձաքննության եւ հերձման մասնակիցները, որոնք դիակից հանված գնդակներն են անգամ տակով արել: Սակայն սպանվածի ծնողների եւ կնոջ վիշտն անչափ մեծ է, եւ նրանք ոչ մի կերպ չեն հաշտվում կատարվածի հետ. նրանք ընդամենը պահանջում են, որ մարդասպանն արժանի պատիժ ստանա: «3 մանր երեխա է որբ մնացել, այս երկրում բարոյականություն կա՞, թե՞ ոչ»,- ասում է սպանվածի կինը: «Երանի այդ ավտոմեքենայի (խոսքը Հայրապետյանի վթարված ավտոմեքենայի մասին է -խմբ.) մեջ լիներ տղաս ու վթարից մահանար»,- հառաչում է մայրը: Երեկ, այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանը լսեց Մանուկյանների շահերի ներկայացուցիչ Ռուզաննա Տեր-Վարդանյանի վճռաբեկ բողոքը, որով նա խնդրել էր բեկանել վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը՝ տուժողի բողոքը չընդունելու մասին, եւ գործն ուղարկել վերաքննիչ դատարան՝ նոր դատաքննության: Այս պահանջը փաստաբանը հիմնավորել էր նրանով, որ Սահմանադրությամբ բոլորը հավասար են օրենքի առաջ եւ հավասարապես պաշտպանված են օրենքով:

Այսինքն, քր.դատ.օր.-ի այն սահմանափակումը, թե տուժողը չի կարող բողոք բերել, մարդու իրավունքների եւ Սահմանադրության խախտում է: Ըստ փաստաբանի, այս պարագայում պետք է սահմանադրական նորմը գերակայի: Սակայն դատարանն այլ կարծիքի էր: Վճռաբեկի դատավորները, բողոքը մերժելուց հետո, սկսեցին մխիթարել որդեկորույս ծնողներին, թե շուտով քր.դատ.օր.-ի այդ հոդվածը փոխվելու է, եւ իրենք կկարողանան բողոքարկել դատարանի որոշումը: Սակայն, եթե նույնիսկ կարողանան՝ ի՞նչ կփոխվի այդ բողոքարկումից, եթե գործ ունենք հանցավոր դատախազության հետ, որը հովանավորում է հանցագործներին եւ պարտակում ծանր հանցագործությունները: Դատարանի որոշումը հրապարակելու պահին, Մանուկյանների կիրթ ու համակրելի ընտանիքն այնպես էր ողբում, որ ոչ մի քար սիրտ չէր դիմանա. նրանք խնդրում էին դատավորներին. «Ասեք՝ ի՞նչ անենք, ինչպե՞ս հաշտվենք այս անարդարության հետ», իսկ հայրն, արցունքն աչքերին, բղավում էր. «Դատախազությունը պատանդ է դարձել Ստալինի ու Բերիայի ձեռքին»:

ԱՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ
2003 ապրիլ

Աղբյուրը այստեղ

Դիտվել է 5,453 անգամ
 


Այս թեմայով