Սերժ Սարգսյանի կառավարության ժամանակ գյուղացի...

Ուղիղ մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից: Politik.am-ի հետ զրույցում Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը ներկայացնում է, թե ինչ է կատարվել 1 տարվա ընթացքում Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում:

«Իմ կարծիքը մի կողմ դնելով՝ խոսեմ գյուղացու կարծիքից, իսկ գյուղացին այս մեկ տարվա մեջ այդպես էլ չտեսավ խոստացված սուբսիդիաները, խոստացված ծրագրերը չիրականացան: Կարծում եմ՝ խոստումները լավ բանի չեն բերում, որովհետև երբ խոստանում ես, պետք է անպայման անես: Իսկ 1, 2, 3 անգամ խոստանալուց, բայց չկատարելուց հետո մարդիկ հիասթափություն են ապրում, ինչը լավ բանի չի կարող բերել: Սերժ Սարգսյանի կառավարության ժամանակ գյուղացին գոնե պարարտանյութ, դիզվառելիք, կամ այլ տեսակի օժանդակություն ստանում էր, և, ամենակարևորը, գյուղատնտեսության նախարարություն ուներ: Այս տարի դա է չունի»:

Դիտարկմանը, թե ասում են՝ այդ ոլորտի օպտիմալացումը միայն դրական արդյունք կարող է ապահովել, Բերբերյանն ասում է.«Միայն տգետ մարդիկ կարող են ասել, թե Գյուղնախարարություն պետք չէ: Օրինակ, Միացյալ Նահանագներում երկրորդը Գյուղնախարարությունն է: Այսօր գյուղատնտեսության ՀՆԱ-ն 15-18% է կազմում, մինչդեռ ժամանակին 40% է եղել: Ամեն ինչ արվել է, որ այս տնտեսությունը քանդվի, և այդ քանդողներն էլ այսօր շարունակում են իրենց սև գործը: Գյուղացու համար ծրագրեր են մշակում, վարկեր են տալիս, որոնցից ոչ մեկը գյուղացին չի տեսնում»: 

Բերբերյանին խնդրեցինք հստակեցնելով նշել՝ գյուղատնտեսական ո՞ր ոլորտներն են զարգացում ապրել, որոնք՝ անկում.«Զարգացման մասին ընդհանրապես խոսք չկա, անկում եղել է բանջարաբուծության, պտղաբուծության՝ համեմատաբար ավելի քիչ, անասնապահության (որում, ի դեպ, շեշտակի անկումներ են վերջին 3 տարում, ոլորտներում: Այս հարցում Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի կառավարություններն առանձնացնել պետք չէ»:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ, Բերբերյանը նշում է.«Ինչ ակնկալիք կարող ենք ունենալ, եթե իշխանությունները գնացին նրան, որ գյուղատնտեսությունը պետք է անտեսել, պատահական մարդիկ եկան ոլորտը կառավարելու, որոնք գյուղից այնքան հեռու են, ինչքան խոզը՝ «տուռնիկից»: Այսօր այդ մարդկանցով գյուղատնտեսություն ենք ուզում ստեղծել, իհարկե չենք կարող»:

#Մեկ_տարվա_ամփոփում Politik.am-ը սկսում է նոր շարք՝ նոր իշխանությունների 1 տարվա աշխատանքների ամփոփում: Վերոնշյալ հեշթեգով կարող եք գտնել թեմային առնչվող բոլոր հրապարակումները:

Մարիամ ՍԱՐԳՍՅԱՆ