Սերժ Սարգսյանի ակնարկը դեսպան Թրեյսիին

Ինչպես հայտնի է նախօրեին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին։ Հանդիպումը կայացել է դեսպանի նախաձեռնությամբ։

Հանդիպումն ինքնին հետաքրքիր է նրանոց, որ նախ դեսպանի կողմից է նախաձեռնվել, այն էլ քաղաքական ներկայիս հեղհեղում շրջանում, որը կարելի է անվանել հետհեղափոխական անցումային փուլ, եւ ապա՝ որոշակի մեսիջ է աշխարհաքաղաքական ուժային թիվ մեկ կենտրոնի կողմից, ուղղված որոշակի շրջանակների եւ իշխանական եւ ներքաղաքական դաշտի խաղացողներին։

Ուշագրավ է, որ դեսպանը ցանկացել է նախագահ Սարգսյանի տեսակետները լսել կապված Հայաստանի ներքին կյանքի, քաղաքական անցուդարձի ընթացող պրոցեսների եւ այլնի մասին, ընդհուպ մինչեւ Արցախյան կարգավորում։ Այլ կերպ ասած, դեսպանը չի ուզում Հայաստանում աշխատել միակողմանի ինֆորմացիոն հոսքերի վրա հիմնվելով, ինչը նաեւ նշանակում է, որ առնվազն Պետդեպարտամենտը չի ուզում Երեւանի հետ իր վարելիք քաղաքականությունը հիմնել միակողմանի տեղեկությունների վրա։

Շատ ուշագրավ է հատկապես Սերժ Սարգսյանի խոսքից մեջբերված հատվածը, որտեղ երրորդ նախագահը մասնավորապես ասել է․ «Հայաստանի իրական ժողովրդավարացումն այլընտրանք չունի: Մենք երկար տարիներ աշխատել ենք այդ ուղղությամբ` միաժամանակ կառուցելով փոխշահավետ գործընկերային հարաբերություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ: Իրական ժողովրդավարությունն է աշխարհում շատ պետությունների համար լրջագույն մարտահրավեր դարձած պոպուլիզմի պատասխանը: Մեր կուսակցության համար շարունակելու են գերակա մնալ Հայաստանի և Արցախի անվտանգության, տարածաշրջանում կայունության և խաղաղության հարցերը»։

Այստեղ կարեւոր մեսիջներ կան, որոնք հղում է Սերժ Սարգսյանը։ Նախ, իրական ժողովրդավարության կառուցման հարցը դնելով առաջնահերթ եւ ապա քննադատելով պոպուլիզմը, հանրայնապես արդեն երկրորդ անգամ։ Ի դեպ, շատ նուրբ է ակնարկը նաեւ ԱՄՆ համար, որովհետեւ ԱՄՆ գործող նախագահը եւս համարվում է պոպուլիստ ու ներամերիկյան քզղաքական կյանքը եւս բավական փոթորկահույզ է այդ պոպուլիզմի պատճառով։