Փոխզիջում կարող է դիտվել ԼՂ-ի շուրջ գտնվող շրջանների վերադարձն Ադրբեջանին. Սերժ Սարգսյան

1351241259_serzh-sargsyan2

Ձերդ Գերազանցություն, մեկ տարի առաջ Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար ալ-Ասադը պաշտոնական այց կատարեց Հայաստան: Այցի վերջում ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր: Ինչպե՞ս եք Դուք գնահատում երկկողմ հարաբերությունների զարգացումն այդ այցից ի վեր:

-Մենք կարևորում ենք Սիրիայի` որպես Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կարևոր դերակատարում ունեցող բարեկամ երկրի հետ հարաբերությունների ընդլայնումը: Հայ-սիրիական հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա և արտացոլում են այն ջերմությունը, որ մեր ժողովուրդները փոխադարձաբար տածում են միմյանց հանդեպ: Շարունակվում են ակտիվ շփումները գրեթե բոլոր ոլորտներում, պարբերական բնույթ են կրում տարբեր փոխայցելությունները: Անցած տարի տեղի ունեցած այցը Սիրիայի նախագահի առաջին այցն էր անկախ Հայաստան, բայց դեռևս 1980թ. Խորհրդային Հայաստան էր այցելել լուսահոգի Հաֆեզ ալ-Ասադը: Նշեմ միայն մեկ փաստ. մոտակա ժամանակներս մեր մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերից մեկում ավարտին կհասցվի հայ-արաբական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի կառուցումը, որը կատարվում է մի խումբ սիրիահայերի նախաձեռնությամբ` Հայաստանի կառավարության ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Իմ այս այցի ընթացքում էլ մի շարք համաձայնագրեր են ստորագրվելու: Մեր` կառավարություններիս պարտքն է ձևավորել բարենպաստ իրավապայմանագրային դաշտ, որպեսզի մեր հասարակությունները, գիտնականները, գործարարները, երիտասարդները, ճյուղային գերատեսչությունները կարողանան ավելի արդյունավետ շփվել միմյանց հետ:

-Հայաստանի և Սիրիայի ժողովուրդների բարեկամությունն արտացոլվում է երկու երկրների ղեկավարության գործունեության մեջ: Ինչպե՞ս պետք է փոխանցել այդ դրական ներուժը տնտեսական և քաղաքական դաշտ:

Երկկողմ համագործակցության վերաբերյալ ստորագրված միջպետական տասնյակ փաստաթղթերն ու բարձր մակարդակի շփումներն ամուր հիմք են ստեղծել Երևանի և Դամասկոսի միջև սերտ հարաբերություններ զարգացնելու համար։ Մենք տրամադրված ենք շարունակելու աշխատանքները` էլ ավելի ամրապնդելու և խորացնելու հայ-սիրիական համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և այլ բնագավառներում: Վստահ եմ, որ նույնանման հաստատակամություն առկա է նաև մեր սիրիացի գործընկերների մոտ: Ակտիվորեն աշխատում է միջկառավարական հանձնաժողովը, որի հերթական նիստը տեղի կունենա այս տարվա ընթացքում: Լուրջ ծրագրեր կան էներգետիկայի, բնապահպանության, սեյսմոլոգիայի, առողջապահության, կապիտալ շինարարության, գյուղատնտեսության, ոռոգման համակարգերի և այլ ոլորտներում: Վստահ եմ, որ հայ-սիրիական համագործակցությունը հաջողությամբ շարունակելու է վերընթաց զարգանալ:

-Ձերդ Գերազանցություն, այցի ընթացքում Դուք նաև կլինեք Հալեպում և Դեյր Զորում: Ի՞նչ կուզենայիք այդ կապակցությամբ փոխանցել Սիրիայի և Հայաստանի քաղաքացիներին:

Այսօր աշխարհում շատ են խոսում քաղաքակրթությունների երկխոսության, հանդուրժողականության մասին: Սիրիայում մեր երկու ժողովուրդների ներկայացուցիչներն առանց երկար քննարկումների` գործնականում ստեղծեցին մահմեդականների և քրիստոնյաների համակեցության մի այնպիսի ներդաշնակ օրինակ, որը կարող է օրինակելի լինել աշխարհի` հանդուրժողականության բոլոր ջատագովների համար: Այս բարի ավանդույթները մեր ժողովուրդների ընդհանուր հարստությունն են, դրանք պետք է պահպանենք և փայփայենք:

Ես իմ բոլոր արտասահմանյան այցերի ժամանակ ձգտում եմ հանդիպել հայկական Սփյուռքի ներկայացուցիչներին: Պատմության դաժան քմահաճույքով ձևավորված Սփյուռքը կարևոր օղակ է, որը կապում է հայկական քաղաքակրթությունն աշխարհի այլ ժողովուրդների, հասարակությունների, պետությունների հետ: Հագամանքը, թե ինչպես են ընկալվում Սփյուռքի մեր հայրենակիցներն այն երկրներում, որոնց քաղաքացի են հանդիսանում, պայմանավորում է, թե ինչպես կընկալվի Հայաստանը, հայ ժողովուրդն ընդհանրապես:

Իհարկե, ես չէի կարող այցելել Սիրիա և չլինել հայկական Սփյուռքի պատմության մեջ առանձնահատուկ տեղ զբաղեցնող Հալեպում և Դեյր Զորում: Ես այցելելու եմ այդ շրջաններ` մեր ժողովրդի երախտագիտությունը հայտնելու մեր սիրիացի քույրերին և եղբայրներին, նաեւ ոգևորելու մեր հայրենակիցներին` լինելու բարեկամ Սիրիայի արժանապատիվ և հարգված քաղաքացիներ:

-Ձերդ Գերազանցություն, ի՞նչ ազդեցություն կունենա Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսում քննարկվող բանաձևի ընդունումը հայ-թուրքական հարաբերությունները կանոնավորելու գործընթացի վրա:

Ինձ հաճախ հարցնում են, թե ինչպես պետք է ներկայացնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերը, և, արդյոք, ճանաչելով ցեղասպանությունը` որևէ երկիր չի՞ վնասի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և ընդհանուր առմամբ` Հարավային Կովկասի անվտանգությանը: Ես պատասխանում եմ, որ կան բազմաթիվ երկրներ, որոնք այդ հարցում փաստերի ներկայացման կարիք չունեն, քանի որ այդ երկրները Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեն սեփական հսկայական արխիվներ:

Ինչ վերաբերում է ցեղասպանությունը ճանաչելով անվտանգությանը վնասելու մտավախությանը, ապա դա նույնն է, ինչ ընտրություն առաջարկել անվտանգության և արժեքային համակարգի միջև: Կարծում եմ, որ մեր տարածաշրջանում տևական անվտանգությունը հնարավոր է միայն, եթե այն կառուցված է խորապես գիտակցված արժեքային համակարգի վրա: ԱՄՆ Կոնգրեսում քննարկվող բանաձևն այդ երկրի ներքին գործն է, որին մենք չենք միջամտում, որքան էլ այն բարոյապես կարևոր համարենք:

Մենք Հայոց ցեղասպանության ճանաչումը չդարձրինք նախապայման Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերություններ հաստատելու հարցում, քանի որ մեր սկզբունքային դիրքորոշումն է` բարելավել հայ-թուրքական հարաբերություններն առանց որևէ նախապայմանի: Ճիշտ չեմ համարում փորձերը` կապելու այդ գործընթացն այլ երկրների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հետ: Մի բան ինձ համար ակնհայտ է` որքան երկար տևի մեր հարաբերությունները կանոնավորելու գործընթացը, այնքան կարող է աճել այդպիսի բանաձևեր ընդունող պետությունների թիվը:

-Ձեր ելույթներում հաճախ եք անդրադարձել Հայաստանի շրջափակման խնդիրներին` նշելով, որ այն սահմանափակում է Հայաստանի տնտեսության զարգացումը: Ո՞րն է թուրքական կողմի սահմանը փակ լինելու տնտեսական գինը Հայաստանի համար:

Այն մեծ է՝ հաշվի առնելով թե՛ տարանցիկ ուղիների սակավությունը, թե՛ Հայաստանից դեպի Միջերկրական ծով տանող երկաթգծի անգործությունը: Լինի դա արդյունաբերության, առևտրի, թե ծառայությունների մատակարարում` մեր պետությունների միջև առկա է հսկայական չօգտագործված ներուժ: Սահմանի բաց լինելը կարող էր մեծ նշանակություն ունենալ նաև այլ երկրների, այդ թվում` Սիրիայի հետ Հայաստանի ապրանքաշրջանառության առումով:

Բայց, կարծում եմ, որ այդ սահմանի փակ լինելու գինը շատ ավելի մեծ է քաղաքական հարթության մեջ: Շրջափակումը ոչ այլ ինչ է, քան ուժի կիրառման միջոցներից մեկը: Դա ոչ միայն վայել չէ 21-րդ դարում ապրող երկու հարևան պետություններին, այլև հակասում է ՄԱԿ-­ի կանոնադրությանը, միջազգային իրավունքի բազմաթիվ նորմերի: Թուրքիան ավելի ու ավելի շատ է փորձում դերակատարում ստանձնել տարածաշրջանում և միջազգային հարթակում: Նա հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և 20-ի խմբի անդամ, ձգտում է անդամակցել Եվրոպական Միությանը: Այդ ամենն անհամատեղելի է զարգացող տնտեսություն ունեցող հարևան երկրի նկատմամբ միակողմանի տնտեսական պատժամիջոցներ գործադրելու հետ:

-Նախագահ Բաշար ալ-Ասադը մի շարք մայրաքաղաքներում, նաև Երևանում, խոսել է տարածաշրջանի երկրների միջև համագործակցության իր տեսլականի մասին` հատուկ նշելով Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքիան, Իրանը, ինչպես նաև, բնականաբար, Սիրիան: Ձեր կարծիքով, որո՞նք են այդ տեսլականի իրագործմանը խոչընդոտող հանգամանքները: Ի՞նչ լուծումներ կարելի է գտնել դրան հասնելու համար:

Ես միանգամայն ընդունում եմ իմ գործընկերոջ` Նախագահ Ասադի այդ ազնիվ տեսլականը: Նա հեռուն նայող քաղաքական գործիչ է, ով սիրում է իր երկիրը և սրտացավ վերաբերմունք է ցուցաբերում իր հարևանների ու բարեկամների հանդեպ: Հայաստանը մշտապես հանդես է եկել տարածաշրջանային համագործակցության օգտին: Մենք համարում ենք, որ առկա խնդիրները լուծելու միակ ձևը բանակցային սեղանի շուրջ դրանք քննարկելն ու լուծումներ գտնելն է: Երկրների միջև կարող են լինել հակասություններ և տարաձայնություններ, բայց համագործակցությունը դրանց հարթման լավագույն միջոցն է:

Մենք կողմ ենք` դիմելու համագործակցության կոնկրետ քայլերի` հստակեցնելու այն բնագավառները, որոնք կարող են փոխադարձ հետաքրքրություն և շահագրգռություն առաջացնել: Միայն այդ ձևով է հնարավոր դանդաղ, բայց վստահորեն ճանապարհ հարթել դեպի բարդ և մեծ հարցերի լուծումը:

-Ձերդ Գերազանցություն, իսկ ինչպե՞ս է պաշտոնական Երևանը գնահատում իրավիճակը Մերձավոր Արևելքում: Ո՞րն է, ըստ Ձեզ, դեպի խաղաղություն և կայունություն տանող ճանապարհը:

Հայաստանը մշտապես ուշադիր է եղել բարեկամ արաբական երկրների և մասնավորապես` Սիրիայի դիրքորոշումների նկատմամբ: Հայաստանը կողմ է բոլոր հակասությունները խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելուն և մշտապես դատապարտել է բռնի գործողությունները, մարդու իրավունքների խախտումները, քաղաքացիական բնակչությանը կոլեկտիվ պատժի ենթարկելու փորձերը, ահաբեկչությունը: Մենք պաշտպանում ենք Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը` անկախ պետություն ստեղծելու միջոցով, ինչը երաշխավորված է ՄԱԿ­-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով:

Լիահույս ենք, որ Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում ներգրավված բոլոր կողմերը` թե՛ պաղեստինա-­իսրայելական, թե՛ սիրիա­-իսրայելական ուղղություններով կգտնեն համապատասխան ներուժ բանակցությունների սեղանի շուրջ քննարկելու եւ հարթելու տարաձայնությունները: Մարդկային հազարավոր կյանքեր և քանի սերունդների խաղաղ ապրելու իրավունքը խլած այս հակամարտությունը պետք է կարգավորվի:

Մենք այդ հարցում ավելի քան շահագրգիռ ենք: Նախևառաջ, այս տարածաշրջանում բնակվում են մեր բազմաթիվ քույրերն ու եղբայրները: Բոլոր երկրներում առկա են ստվար հայկական գաղթօջախներ, կրթական, մշակութային և հոգևոր հաստատություններ: Դրանց թվում կարևոր տեղ է զբաղեցնում Երուսաղեմում գտնվող Հայոց պատրիարքարանը, որն առանձնահատուկ նշանակություն ունի հայերիս` քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակած ժողովրդի համար: Մեր անմիջական շահերից է բխում, որ վերականգնվի այդ սրբազան վայրին վայել խաղաղությունն ու վեհությունը:

-Դուք բազմիցս նշել եք, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի խաղաղ բանակցությունների միջոցով փոխադարձ զիջումների վրա: Ո՞րոնք են այդ զիջումները Հայաստանի պարագայում:

Ես միշտ նշել եմ, որ որևէ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է լուծում փնտրել դրանց դրդապատճառների եւ ոչ թե հետևանքների տիրույթում: Այլապես դա նույնն է, ինչ հիվանդությունը բուժելու փոխարեն փորձել վերացնել դրա դրսևորումները:

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը տասնամյակների անարդարությունն ու ճնշումները փորձեց հանգուցալուծել իրավական ճանապարհով` ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային իրավունքի շրջանակներում: Դրան հակադրվեց բռնի ուժ, այդ ժողովրդին բնաջնջելու փորձ: Սկսվեց տարիներ տևած, ծրագրված ռազմական գործողություն Արցախի դեմ. օրական հարյուրավոր ռումբեր էին նետվում Ստեփանակերտի վրա:

Դրան ի պատասխան` Արցախի ժողովուրդը կարողացավ համախմբվել և պաշտպանել իր հայրենիքը, սրբավայրերը, կանանց, երեխաներին և ծերերին: Անվտանգությունն ամրապնդելու համար Ղարաբաղի շուրջ ձևավորվեց անվտանգության գոտի: Այդպես հաճախ է լինում պատերազմների ժամանակ, բայց պատերազմը մեր նախընտրությունը չէր:

Ամբողջական նյութը այստեղ

 

 


Այս թեմայով