Սերգեյ Լավրովի այցից հետո՝ հանդիպում էմանուել...

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան, ինչպես արդեն գրել ենք, կարելի էր բնութագրել որպես սառը պրագմատիկ։ Իհարկե, նաեւ այն վարպետության դաս էր, թե ինչպես պետք է բանեցնել դիվանագիտության արվեստն ու առաջ մղել սեփական երկրի շահերը, ինչը փայլուն կերպով արեց երկարամյա դիվանագետ Սերգեյ Լավրովը։

Մեղմ ասած, նա նույնիսկ ուշադրություն չդարձրեց այն հանգամանքին, որ Փաշինյանն իրեն ընդհատում է խոսքի ժամանակ։ Խաղատախտակին չափազանց շատ բան է դրված՝ Ղարաբաղյան հարցը, ռուսական շահերը Հարավային Կովկասում եւ այլն։ Այցի արդյունքները դիտարկել որպես գործող իշխանությունների հաղթանակ, մեղմ ասած՝ տեղին չէ։

Նույնիսկ հայտարարությունը, թե «դժվար է Փաշինյանի առաջ քաշած թեզի հետ չհամաձայնել», որ «Ղարաբաղյան կարգավորումը պետք է համապատասխանի եւ Հայաստանի, եւ Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների շահերին», մեծ հաշվով ֆիքսումն էր այն բանի, որ Ղարաբաղյան հակամարտությունում հաղթողներ ու պարտվողներ չեն լինելու եւ լուծումը պետք է լինի փոխընդունելի բոլոր կողմերի համար, մի բան, որը Մոսկվայի պաշտոնական մոտեցումն է այս հարցում։ Ուշագրավ է սակայն այլ հանգամանք։ Լավրովի այցից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապում է Փարիզ։

Պաշտոնական հաղորդագրությունն իհարկե, համառոտ է, ու խիստ արարողակարգային, սակայն հասկանալի է, որ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության մի համանախագահ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ հանդիպումից հետո մյուս համանախագահ երկիր այցելությունը, ամեն դեպքում մտածելու առիթ տալիս է, հատկապես, որ Պուտին-Մակրոն վերջին հանդիպման ժամանակ, ըստ էլի պաշտոնական հաղորդագրության, անդրադարձ կատարվել է նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ դեռ այն ժամանակ կարծիք է հնչել, որ Փարիզն ու Մոսկվան այս հարցում «ժամացույցներ են ուղղել»։

Գուցե եւ պաշտոնապես չասվի էլ, սակայն լիովին հավանական է, որ Ղարաբաղյան հարցին անդրադարձ կլինի Մակրոն-Փաշինյան հանդիպմանը, հատկապես, որ անդրադարձը նաեւ Մակրոնին է ձեռնտու՝ հաշվի առնելով տեղի՝ բավական ազդեցիկ հայկական ներկայությունը։