Մայրաքաղաքում կարելի է հանդիպել շատ կառույցների, որոնք չեն համապատասխանում քաղաքի ճարտարապետական տեսքին։ Վերջին տասնամյակի ընթացքում՝ հատկապես Երևան քաղաքում, անկանոն կառուցապատում է իրականացվել, որը անմխիթար տեսքի է բերել մայրաքաղաքը:
Սակայն, երբ հարցը, բացի տեսքից, վերաբերում է քաղաքացիների անվտանգությանը՝ պայքարել ամեն դեպքում անհրաժեշտ է: Էրեբունի վարչական շրջանում տեղակայված գազալցակայաններից մեկը, որն ամենամեծն է Երևան քաղաքում, բնակելի տներից մի քանի ոտնաչափ է հեռու:
Գազալցակայանը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին: Պետք է նշենք, որ գազալցակայանը մեկ երկու տարի առաջ ավելի է ընդարձակվել, և հիմա մոտակա այգին մտնելու համար ստիպված պետք է անցել գազալցակայանի միջով:
Մհեր Սեդրակյանին պատկանող նշված գազալցակայանը չի համապատասխանում ՀՀ-ում գազալցակայանների համար սահմանված նորմերին:
Այսպես. ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի նոյեմբերի 3-ի N 263-Ն հրամանի համաձայան սահմանված նորմերով Մհեր Սեդրակյանի գազալցակայանում մի քանի նորմեր են խախտված:
Նշված հրամանի 311 կետն ասում է.«Հեղուկ վառելիքի պահեստավորման ստորգետնյա պահեստարաններով ԱՀՎԼԿ-ի հեռավորությունները մինչև մանկական նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների, գիշերօթիկ դպրոցների, ստացիոնար բուժական հիմնարկների հողամասերի սահմանները կամ բնակելի և հասարակական շենքերի պատերը պետք է ընդունել 50 մ-ից ոչ պակաս։ Նշված հեռավորությունը պետք է որոշել բաշխիչ կետերից և վառելիքի պահեստավորման ստորգետնյա պահեստարաններից։ Օրական 500-ից ոչ ավելի միայն մարդատար ավտոմոբիլների սպասարկման համար նախատեսված ԱՀՎԼԿ-ի հեռավորությունը մինչև վերը նշված օբյեկտները թույլատրվում է նվազեցնել, բայց ընդունել 25 մ-ից ոչ պակաս»:
Սեդրակյանին պատկանող գազալցակայնը ոչ միայն չի գտնվում ըստ սահմանված նորմի բնակելի տներից նախատեսված 50 մետր հեռավարության վրա, այլև ընդամենը 50 մետր հեռավորության վրա է գտնվում: Ավելին, գազալցակայանի կողքին է գտնվում բենզալցակայան, իսկ այս երկուսին բավական մոտ են գտնվում Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գրասենյակը (թաղապետարան) և Երևանի Վրեժ Համբարձումյանի անվան համար 17 դպրոցը:
Նույն հրամանի 313 կետն ասում է.«ԱԳԼՃ-ի մուտքերը (ելքերը) պետք է տեղադրվեն միմյանցից անջատ և մինչև փողոցների և ճանապարհների մոտակա հատումները՝ 50 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա»,-այս նորմը ևս պահպանված չէ ՀՀԿ-ական նախկին պատգամավորին պատկանող գազալցակայանում:
Նախկին իշխանությունների տարիներին ևս, մի քանի անգամ գրվել է այս գազալցակայանի վտանգավորության մասին: Սեդրակյանին պատկանող գազալցակայանը կոնկրետ վտանգ է հարակից տներում ապրող քաղաքացիների և մոտակա դպրոց հաճախող երեխաների համար: Նոր կառավարության համապատասխան մարմինները պետք է ուշադրություն դարձնեն այս խնդրին և չպետք է թույլ տան, որ նախկին պատգամավորը մարդկանց կյանքն ու առողջությունը վտանգի տակ դնելով գումար վստակի: