ՍԴ-ն փաստեց, որ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ տեղի...

Քիչ առաջ Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը: Այսպիսով՝ ՍԴ-ն որոշել է՝ «ՀՀ Քրեական դատավարության 35-րդ հոդվածը ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր: ՀՀ ՔԴ 135-րդ 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը»: Հակասահմանադրական ճանաչված 35-րդ հոդվածը սահմանում է քրգործի վարույթը կամ քրհետապնդումը բացառող հանգամանքները:

Սահմանադրությանը համապատասխանող 135-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը 1 տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն:

«Քաղաքացիական հարթակ» ՀԿ ղեկավար Աղվան Պողոսյանը Politik.am-ի հետ զրույցում նշում է՝ ՍԴ-ն այսօր երկրում հաստատեց օրենքի ամբողջական գերակայություն.

«ՍԴ-ն փաստեց, որ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ տեղի էր ունեցել ապօրինությունների շարք՝ քաղաքական նկատառումներից ելնելով, և մեկ տարի է՝ երկրորդ նախագահը ապօրինի կալանավորված է: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության այն սակավաթիվ դատավորներին, օրենքի պաշտպաններին, որոնք երկրում հաստատեցին օրինական կարգեր»:

Պողոսյանի խոսքով՝ հասարակությունը էյֆորիայի թմբիրից դուրս է գալիս, և ամբողջ դատաիրավական համակարգի ներկայացուցիչները հասկանում էին, որ անօրեն քայլերը, որոնք կատարվում էին գործադիրի կողմից, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, չէին կարող երկար շարունակվել.

«Գտնվեցին իրականում խիզախ դատավորներ, որոնք չտրվեցին ճնշմանը: Ավելի մեծ սպասելիքներ ունեմ Եվրոպական դատարանից՝ Ռոբերտ Քոչարյանին անմեղ ճանաչելու դրվագով, որովհետև դատաքննական այս մեկ տարին ցույց տվեց, որ Քոչարյանի հանդեպ շինծու գործ էր կարված, որն իրականում ուներ քաղաքական բաղադրիչ և մեկ նպատակ՝ Ռոբերտ Քոչարյանին հեռացնել քաղաքական գործընթացներից»:

Ռոբերտ Քոչարյանի ընդդիմախոսների՝ երթով Գլխավոր դատախազություն գնալու մասին խոսելով՝ «Քաղաքացիական հարթակ» ՀԿ ղեկավարն ասաց. «Շատ կարևոր է, թե ովքեր են Քոչարյանի ընդդիմախոսները: Մարդիկ, որոնք կոնկրետ ուղղորդված են: Ռոբերտ Քոչարյանը չի ունեցել 100%-անոց վարկանիշ, բայց ունեցել է ստաբիլ վարկանիշ, հետևաբար՝ նորմալ է, որ կարող են լինել ընդդիմախոսներ, բայց այլ հարց է, թե այս պահին երթին ովքեր են մասնակցում: Իսկ մենք պայքարում ենք ընդդեմ անարդարության և հանուն գաղափարի»: