ՍԴ անդամների դեմ իշխանությունը գործի է դրել ռ...

Իշխանությունները, տեսնելով, որ որևէ այլ մեթոդ չեն կարողանում օգտագործել ՍԴ անդամներին ստիպելու, որպեսզի նրանք հրաժարական ներկայացնեն, արդեն գործի են դրել ռեպրեսիվ ողջ մեխանիզմը` ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

 «Իշխանությունները ամեն ինչ փորձել են։ Իմ տեղեկություններով` ՍԴ դատավորներին թե՛ առաջարկվել է դիվանագիտական ծառայության անցնել եվրոպական երկրներում, թե՛ տարատեսակ այլ խոստումներ նրանց հետագա պաշտոնավարման վերաբերյալ, թե՛ անգամ անուղղակի սպառնալիքներ են հասցվել նրանց ականջներին։ Իշխանությանը մնացել է հին ու բարի մի զենքի գործադրումը՝ ստուգել, կարող է մի բան գտնենք, ու ասում են՝ այդ գործին լծվել է Վալերիյ Օսիպյանը»,- ասել է նա։

Այս նպատակով, ըստ Արփինե Հովհաննիսյանի տեղեկությունների, օգտագործվում է Ոստիկանության 6-րդ վարչության ողջ ռեսուրսը․ «Մասնավորապես՝ 6-րդ վարչության ողջ ռեսուրսները, ըստ տեղեկությունների, դրել, թաքուն փորփրում են Սահմանադրական դատարանի նախագահի ու դատավորների անցյալը։ Կարծում եմ՝ իրենք չեն գիտակցում, որ իրենց էլ գուցե թաքուն հետևում են։ Հուսով եմ` պարոն Օսիպյանը կգիտակցի, ու ծանր իրավական հետևանքներ առաջացնող այդ բոլոր «գործողությունները» չեն կարող աննկատ մնալ ու չարձանագրվել՝ ճիշտ պահին ճիշտ կշեռքին դնելու համար»: