Սասուն Միքայելյանը ասաց ճշմարտությունը

Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաստատեց այն խոսակցությունները, որ ինքը չի խառնվել Աբովյանի քաղաքապետի ընտրություններին, քանի որ այնտեղ առաջադրված թեկնածու Գրիգոր Գուլյանը իր սրտով չի եղել:

Ազգային ժողովի պատգամավորը լրագրողների խնդրանքով խոսեց նաև Աբովյանի քաղաքապետի ընտրությունների մասին և անդրադարձ կատարեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի մեղադրանքներին։ Պատգամավորը պնդեց, որ ինքը դեմ է եղել իշխանության թեկնածուին և այդ իսկ պատճառով որևէ կերպ չի մասնակցել ընտրական պրոցեսին։

ԱԺ պատգամավորի խոսքով՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ն պարտվեց հենց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի պատճառով, որը անձնավորել է այդ ընտրությունները, բարձր համարել իր դերը դրանում.«Պատկերացրեք՝ եթե վարչապետը չգնար Աբովյան, ինչ էր կատարվելու այնտեղ։ Մարդիկ կան, որ, պարզ ա, էս շարժման մեջ ժողովուրդը, որ իներցիայի տակ ձայն ա տալիս, իրանք գիտեն, թե դեմք են դառած, մեծ դերակատարություն են ունեցել թավշյա հեղափոխության մեջ։ Եսիմինչ ակտիվ էլ չէր Ռոմանոսը հեղափոխության ժամանակ։ Եթե մենք դասեր չքաղենք, էս թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում», - նշեց պատգամավորը: 

Սասուն Միքայելյանի խոսքերն իրապես անգնահատելի են։ Նա առաջինն է նոր իշխանության ներկայացուցիչներից, ով ասաց ճշմարտությունը։ Միքայելյանը լավ է զգում հասարակության զարկերակը և հասկանում է, որ ինքնահավան գործելակերպը չի կարող բերել դրական արդյունքների ու մեծ հիասթափություն է առաջացնելու, ինչը կարող է ստիպել նաև իշխանություններին հեռանալ։ Սասուն Միքայելյանը նաև իշխանության երիտասարդ անդամներին իրենց տեղն է ցույց տալիս։ Նա հստակ արձանագրում է, որ իշխանության շատ ներկայացուցիչներ իրենցից որևէ բան չեն ներկայացնում և միայն Փաշինյանի շնորհիվ է, որ հայտնվել են իշխանության ղեկին։