Սանասարյանը գուցե ինչ-որ ծրագրի իրագործման էր...

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը կարծում է՝ Ռուսաստանը Հայաստանին օգտագործում է՝ որպես իր շահերի սպասարկման զոնա.«Խորհրդային կարգերի փլուզումից հետո որոշ երկրներ, օրինակ՝ Հայաստանը, Վրաստանը, Ուկրաինան ամբողջովին սպասարկում էին ռուսական գաղութատիրական կայսրության շահերը:  Կոնկրետ մեր երկիրը 30 տարի շարունակ Ռուսաստանին տվել ենք մեզ որպես անվտանգության երաշխավորի իրավունք, որը նա չի կարողանում կատարել: Ընդունում ենք բարեկամ, իսկ այդ բարեկամը զենք է վաճառում Ադրբեջանին: Իրանից կարող ենք ավելի մատչելի գազ գնել, բայց գնում ենք Ռուսաստանից»:

Հարությունյանի կարծիքով՝ նախորդ տարվա ապրիլյան դեպքերից ու իշխանափոխությունից հետո այդ առումով որևէ փոփոխություն տեղի չի ունեցել.«Ասում են՝ տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, բայց եթե արտաքին քաղաքական վեկտորը փոփոխության չի ենթարկվում և Հայաստանը նորից միջազգային ասպարեզում մնում է Ռուսաստանի ընկերը, նշանակում է՝ հեղափոխություն տեղի չի ունեցել: Օրերս Ստրասբուրգում վարչապետին հարցնում են՝ Ղրիմն ում է պատկանում, պատասխանում է՝ դժվար է ընկերոջ և գործընկերոջ միջև ընտրություն կատարել, մինչդեռ պարզ է, որ Ղրիմը ուկրաինական տարածք է, որ օկուպացվել է Ռուսաստանի կողմից: Պարզ  է դառնում, որ մեր նոր իշխանությունները նույնպես չեն ցանկանում գործել Ռուսաստանի շահերից դուրս: Վարչապետը, պատգամավոր եղած ժամանակ, նշում էր, որ Ապրիլյան պատերազմը Ռուսաստանի գիտությամբ է իրականացվել, չարիք էր համարում ԵԱՏՄ-ը, ՀԱՊԿ-ը, դառնալով վարչապետ՝ կտրուկ փոխեց իր կարգավիճակը թե՛ Ռուսաստանի նկատմամբ, թե՛ ԵԱՏՄ-ի նկատմամբ, թե ՀԱՊԿ-ի նկատմամբ»:

Շահեն Հարությունյանը կարծում է, որ ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը կարող է կապված լինել կա՛մ ժամանակին նրա «հակառուսական» ցույցերի հետ, կամ այնպիսի ծրագիր է կազմվում, որին Սանասարյանը կարող է խոչընդոտել.

«Դավիթ Սանասարյանը հանդես է եկել հակառուսական դիրքորոշմամբ: Նույն Ապրիլյան պատերազմի ժամանակ միասին ցույցեր էինք անում, որ Ռուսաստանը կատարի իր պարտավորությունները, զենք չվաճառի Ադրբեջանին: Այդ ցույցերը հասարակության մեջ տարածվեցին որպես հակառուսական, թեև դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանույան համար ցույցեր էին: Բայց, ամեն դեպքում Դավիթ Սանասարյանը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամաբ կոշտ հայտարարություններով»:

Դիտարկմանը, որ Դավիթ Սանասարյանը ՊՎԾ ղեկավար դառնալու ընթացքում հանրային կերպով Ռուսաստանի վերաբերյալ կոշտ հայտարարություններ չի արել, այդ դեպքում ինչպե՞ս կարող էր իր վրա ուշադրություն հրավիրվել, Հարությունյանը պատասխպանում է. «Այո, հայտարարություն չի արել: Միջադեպը չկապենք հակառուսական կողմնորոշման հետ, ինչքան նրա հետ, որ Դավիթ Սանասարյանը ինչ-որ հարցերում գուցե խանգարում էր: Գուցե ինչ-որ ծրագիր է մշակվում Հայաստանի ներքին կամ արտաքին քաղաքական կյանքում, որին Դավիթ Սանասրյանը գուցե ինչ-որ կերպ կփորձեր խոչընդոտել»:

Շահեն Հարությունյանը, անձամբ ճանաչելով Դավիթ Սանասարյանին, չի հավատում, թե վերջինս կարող էր նման քայլի դիմել.«Այստեղ քաղաքական ինչ-որ հաշվարկներ են, որ քննությունը հետագայում կպարզի»:

Հիշեցնենք՝ ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանսարյանին մեղադրանք է առաջադրվել:

Մարիամ Սարգսյան