Սամվել Բաբայանին պետք է կանգնեցնել, քանի դեռ...

Արցախի Հանրապետութան պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը շարունակում է Հայաստանի ու Արցախի ներքաղաքական իրավիճակը լարել: Օրերս Բաբայանի թիմակիցները կենցաղային հարցերի շուրջ վեճ են ունեցել մի քանի այլ քաղաքացիների հետ: Վեճի ժամանակ հնչել են նաև կրակոցներ:

Միջադեպից անմիջապես հետո Սամվել Բաբայանի գրասենյակը շտապեց եղածին քաղաքական երանգ տալ ու դրանում մեղադրել Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին: Հստակ է, որ զենքով հարցեր լուծելը Արայիկ Հարությունյանի ոճը չէ, և դժվար թե նա իրեն փորձեր քաղաքական պրոցեսներից դուրս դնել՝ զենքի գործադրմամբ: Հայաստանում և Արցախում հիմա որևէ մեկը չի կարող քաղաքական պրոցեսներում զենք բանեցնել, և դա հասկանում են բոլորը` բացի Սամվել Բաբայանից:

Կենցաղային այս միջաեպին քաղաքական երանգներ տալով և հայտարարերլով, թե անհրաժեշտության դեպքում իրենք էլ կպատժեն իրենց հակառակորդներին` Սամվել Բաբայանը հող է նախապատրաստում իր հարազատ հուն վերադառնալու համար: Նա իր ողջ քաղաքական գործունեության ընթացքում տարբեր պատմությունների կիզակետում է եղել, որոնց ժամանակ տարբեր ուժեր փորձել են իրենց հարցերը զենքով լուծել:

Ի վերջո, չպետք է մոռանալ, որ Բաբայանը դատապարտվել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար: Սամվել Բաբայանը նախկին իշխանությունների օրոք մի քանի անգամ դատապարտվել է զինված գործողություններ պլանավորելու համար:

Բաբայանը պատերազմի ճանապարհով անցած գործիչ է: Նա պրոցեսները տեսնում է պատերազմական գործողությունների տեսքով և հիմա էլ, կարծես, ներքաղաքական պրոցեսները ցանկանում է մոտեցնել պատերազմականի, որպեսզի կարողանա հաղթող դուրս գալ:

Կարճ ասած` Բաբայանի հաղթաթուղթը պատերազմական քաոսն է: Եվ եթե Հայաստանի ու Արցախի ներկա իշխանությունները չեն ցանկանում, որ քաղաքական պրոցեսները մտնեն արյունոտ հուն, ապա լավ կլինի` կանգնեցնեն Սամվել Բաբայանին: Եթե Բաբայանը չի կարողանում քաղաքակիրթ մեթոդներով մասնակցել քաղաքական գործընթացներին, ապա լավ կլինի նրան հեռու պահել քաղաքական դաշտից: