Փաշինյանի վերջնական հարվածը. Սամվել Բաբայանը...

Արցախում քաղաքական իրավիճակը «պարզաջրվում է»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարեց, որ Համահայկական խաղերի բացման արարողության կապակցությամբ օգոստոսի 5-ին ելույթ կունենա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Նա բոլորին խնդրեց ներկա լինել այդ օրը, քանի որ լինելու է «շատ կարևոր խոսակցություն»։

Վարչապետ Փաշինյանի հայտարարությունը կարևոր է այն իմաստով, քանի որ օրերս Սամվել Բաբայանը խոսել էր հանրահավաքների և հնարավոր փողոցային պայքարի սկզբի մասին: Բաբայանի կողմնակիցները խոսել էին հնարավոր արյունահեղության մասին, ինչը բավականին լարել էր Արցախի ներքաղաքական իրավիճակը: 

Վարչապետի հայտարարությունից հետո հայտարարությամբ հանդես եկավ Արցախի խորհրդարանի ամենամեծ խմբակցություն ունեցող «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավարը՝ Արայիկ Հարությունյանը: Հայտարարությամբ Արայիկ Հարությույանի ղեկավարած կուսակցությունը միանում է վարչապետի կոչին և համազգային միասնականության կոչով հանդես գալիս:

Վարչապետի հայտարարությունից հետո ամենաանսպասելին Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությունն էր: Վիտալի Բալասանյանը հայտարարել է. «Եվ այսօր ոչ ոք իրավունք չունի մարտահրավերները խառնելու ու քաղաքացիական նախաձեռնությունների տակ առաջ մղելու սեփական քաղաքական ամբիցիաները՝ փորձելով խաթարել ներքին միասնականությունը: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ես և իմ գաղափարակից ընկերները դա թույլ չենք տալու և, անհրաժեշտության դեպքում, դիմելու ենք կոշտ միջոցների: Հանուն ներքին կայունության ապահովման՝ մենք մինչև վերջ կանգնելու ենք իշխանության և պետականության կողքին:

Արցախում քաղաքական բոլոր պրոցեսները պետք է ուղղված լինեն լեգիտիմ իշխանության ձևավորմանը, որի համար լավագույն միջոցը կարող են հանդիսանալ միայն ազատ, արդար և հավասար պայմաններով կազմակերպված ընտրությունները»:

Վիտալի Բալասանյանն իր հայտարարությամբ անուղղակի աջակցություն հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և դեմ արտահայտվեց Սամվել Բաբայանի փողոցային պայքարի քաղաքականությանը:

Քաղաքական առումով Փաշինյանը ջախջախիչ հարված հասցրեց Սամվել Բաբայանին, նա այս պահին Արցախի քաղաքական արենայում մնացել է միայնակ: Հիմա կա՛մ Բաբայանը միայնակ գնում է իրավիճակի լարման և պատասխանատվության ամբողջ ծանրությունը վերցնում իր ուսերին, կա՛մ համաձայնում է մեծամասնության առաջադրած պայմանին ու դուրս գալիս քաղաքական պայքարից: