Սամվել Ալեքսանյանն արտոնություն ստացավ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունված որոշմամբ մաքսային արտոնություն է տրամադրել ՀՀ ԱԺ նախկին ՀՀԿ–ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությանը։

Որոշումը հիմնավորվում է ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումներով։

Կառավարության որոշման նախագծից պարզ է դառնում, որ ներմուծվող ապրանքների հիմնական մասը ներկրվում է Թուրքիայից, որոշ մասը` Չինաստանից։ Ներկրվող ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 14 127 414 670 դրամ։

Կառավարության որոշման համաձայն` «Ալեքս տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կարի և գուլպայի արտադրության մեջ։ Իսկ, թե ինչու են դրանք ներմուծվում Թուրքիայից, կառավարության նախագծում ասվում է. «Ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին»։