Սահակ Մաշալյան պատրիարքը կարող է միջնորդ դառն...

Այս օրերին Հայաստանում է գտնվում Կոստանդնուպոլսի Հայոց  պատրիարք Սահակ 2-րդ Մաշալյանը։ Նա Մայր Աթոռում մասնակցում է ՀԱԵ Գերագույն Հոգեւոր խորհրդի հերթական ժողովի աշխատանքներին։ Հիշեցնենք, որ Սահակ 2-րդ Մաշալյանը պատրիարքական գահ է բարձրացել վերջերս։ Հայտնի է որպես խելացի եւ դիվանագետ եկեղեցական։ 

Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ պատրիարքի պաշտոնն ինքնին պահանջում է լինել հմուտ եւ ճկուն դիվանագետ, քանի որ ոչ միայն կրոնական հարցերով է պատրիարքը զբաղվում, այլ նաեւ ըստ էության, թուրքական պետության առաջ հայ համայնքի ղեկավարն ու շահերի պաշտպանն է։ Հայաստանի իշխանությունների համար Սահակ պատրիարքի ներկայությունը Հայաստանում, այս օրերին, բավական կարեւոր պետք է համարվեր։ Նախ, որովհետեւ նա վայելում է թուրքական պետության ղեկավարի աջակցությունը, այլապես չէր դատնա պատրիարք, իսկ դա նշանակում է, որ կարող է բավական լավ միջնորդ դառնալ հայ-թուրքական հարաբերություններում գոնե փոքր ինչ բարելավում մտցնելու հարցում։

Շեշտենք, Փաշինյանի կաբինետը, կարծես թե չունի նախորդ իշխանության կայուն կեցվածքը Թուրքիայի հետ հարաբերությունների մասով եւ որեւէ կերպ կոմպլեքսավորված չէ «ֆուտբոլային դիվանագիտության» եւ «հայ-թուրքական պրոտոկոլների» ձախողումներով։ Ավելին, այս կաբինետը բավական լայնախոհ է, այն աստիճան, որ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության եւ Թուրքիայի ԱԳ նախարարի հանդիպումից հետո կարելի է ասել ոչինչ չարեց եւ նույնիսկ Մարիա Զախարովայի «հոգի կանչելու» կոչը չազդեց, թեեւ ակնարկը պարզ էր, որ Փաշինյանի կաբինետը, գոնե Զոհրաբ Մնացականյանի մակարդակով տեղյակ եղել է, որ նման հանդիպում լինելու է։

Հետեւաբար, եթե Հայ ժողովրդի համար այս պահին գոյություն ունեցող նման կենսական կարեւորություն ունեցող հարցում գործող իշխանությունը նման լիբերալ մոտեցում ունի, ապա ինչը պետք է խանգարի, որպեսզի սկսի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հետ կապված մտքի շուրջ խորհրել, հատկապես մարտի 5-ից հետո, երբ քիչ թե շատ պարզ կլինի, թե ինչ արդյունքներ են լինելու Պուտին-Էրդողան հանդիպումից հետո։ Այս առումով, Սահակ Մաշալյան պատրիարքը կարող է միջնորդ դառնալ հայ-թուրքական հարաբերություններում դրական տեղաշարժի։