Ցավոք, Հայաստանի նոր իշխանությունները անընդհա...

Politik.am-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցի և դրա արդյունքների մասին զրուցել է քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ։

Պարոն Վարդանյան այսօր Հայաստանում էր ՌԴ ԱԳ նախարար Լավրովը: Ինչպես կգնահատեք հայ-ռուսական հարաբերությունները: Իշխանափոխությունից հետո դրանք որակապես փոխվե՞լ են:

-Հայ ռուսական հարաբերությունների մակարդակը ներկա փուլում ես կգնահատեի, որպես դաշնակցային և բնականոն հարաբերություններ։ Իհարկե Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ժամանակ առ ժամանակ փոքր խնդիրներ առաջանում են՝ երկկողմ միջպետական հարաբերություններում, բայց ի պատիվ Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների այդ խնդիրները անմիջապես լուծվում են։ Այս առումով պետք է գնահատենք, որ կողմերը հակված չեն այդ խնդիրների խորացմանը և փորձում են հրշեջի նման շտապ մարել, այդ խնդիրները ու դրանք չեն ծավալվում։

Տեսեք, Հայաստանը ՌԴ-ին թույլ է տալու մուտք գործել լաբորատորիաներ, որոնք գործում են ԱՄՆ ֆինանսավորմամբ: Լավրովը այսօր հայտարարեց, որ հույս ունի լաբորատորիաների մասով համապատասխան համաձայնագիրը առաջիկայում կստորագրվի: Ինչպես ե՞ք սա գնահատում: Պետք է նկատել, որ ՌԴ-ն այս լաբորատորիաներ չէր կարողանում մուտք գործել անգամ նախկին իշխանությունների օրոք:

-Ինչ վերաբերվում է բիոլաբորատորիաներին, ապա պետք է ասել, որ այո մի կողմից դա Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություն է և Հայաստանի իշխանությունների կողմից ինքնիշխանության տարրերի սահմանափակում, քանի որ թույլատրում է ռուսական կողմին մշտապես մոնիտորնիգ իրականացնել այնտեղ։ Մյուս կողմից էլ, եթե հարցին նայենք այն տեսանկյունցի, որ այդ լաբորատորիաներում ռազմական որևէ զինատեսակ չի փորձարկվում, այլ դրանք գյուղատնտեսական նշանակության են, ապա ինչու ոչ, կարելի է ռազմավարական դաշնակցին թույլ տալ մտնել այդ լաբորատորիաներ, որպեսզի վերջինիս կասկածները փարատվեն։

Խոսակցություններ կան, որ 10 տարով կերկարաձգվի նաև ռուսական ռազմաբազայի գործունեությունը: Սա ևս ըստ էության զիջում է իշխանությունների կողմից: Սա ինքնիշխանության զիջում է: Ձեր կարծիքով իշխանությունները հանուն ինչի են գնում նման զիջումների: Նախկինները լեգիտիմության պակաս ունեին, ներկաներն ինչի՞ պակաս ունեն ձեր կարծիքով:

-Ինչ վերաբերվում է Գյումրու ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգմանը՝ 10 տարով, ապա ես սա միանգամայն բացասական եմ գնահատում և Հայաստանի իշխանությունները չպետք է գնան այդպիսի քայլի։ Հատկապես, որ , մինչև 2049 թվականը բավականին երկար ժամանակ կա։ Միջազգային հարաբերությունները, աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում շատ արագ է փոխվում և մենք չգիտենք ինչ կլինի մեկ տարի հետո, հինգ տարի հետո։ 2010 թվականին Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի միչև ստորագրված համաձայնագրով ռազմաբազան Հայաստանում տեղակայված մնալու իրավունք ունի մինչև 2049 թվականը։

Եթե հստակեցնենք, ապա ինչու են նոր իշխանությունները գնում նման զիջումների, երբ չունեն լեգիտիմության խնդիր։

-Ցավոք, Հայաստանի նոր իշխանությունները անընդհատ փորձում են Ռուսաստանին իրենց հավատարմությունը ցույց տալ և դա դրսևորվում է որևէ հարցում Ռուսաստանին զիջումներ անելով։ Եթե հիշում եք, առաջինը դա դրսևորվեց վարչապետ Փաշինյանի պաշտոնավարման 90 օրվան նվիրված հանրահավաքին, որտեղ նա հայտարարեց, որ  հայ-ռուսական աննախադեպ հումանիտար ծրագիր է իրականցվելու և պարզվեց, որ հայ-ռուսական համատեղ հումանիտար առաքելություն է ուղարկվում Սիրիա, որը արևմուտքում այդքան էլ միանշանակ չընդունվեց։