Սա ընտրություն է՝ կառավարության անգործության...

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է:

«Պարոն Անանյան, իմ և ձեր տարբերությունը ոչ միայն այն է, որ ես քաղաքական գնահատականներ եմ տալիս, այլև այն, որ ես ամբողջական պատկերն եմ ներկայացնում»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Նրա խոսքով՝ այս օրինագծի հրատապությունը պայմանավորված է նրանով, որ տնտեսությունը օր առաջ գումարների ներարկման կարիք ունի, և ինքը դրա համար կողմ է քվեարկելու. «ԿԲ-ում որպես ավանդ դրված գումարները անթույլատրելի չափերի են հասել՝ մոտ 300 մլրդ, և հետևաբար կառավարությունը ինչ-որ միջոց է գտել այն ներարկելու տնտեսություն, բայց սա լավագույն ճանապարհը չէ»:

Նա նշեց, որ այս օրինագծին կողմ լինելը նշանակում է. «Ընտրել կառավարության անգործության և անարդյունավետ աշխատանքի միջև. ես, այնուամենայնիվ, ընտրում եմ աշխատանքը»: