Սա մի օրենք է, որը հեղափոխությունից առաջ չէր...

Այսօր Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց բարձրարժեք գույքի հարկը բարձրացնելուն ուղղված «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը։ 

Վարման կարգով ելույթի իրավունք խնդրելով՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց խմբակցության անդամները դեմ են այս օրինագծին, բայց հետագա շահարկումներից խուսափելու համար կողմ կքվեարկեն։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը առաջարկեց հետաձգել օրենքի ընդունումը, ճշգրտել՝ արդյոք այն հակասություններ ունի ՀՀ Սահմանադրության հետ, խմբագրումներ կատարել և հետո միայն ընդունել այն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր ընդունվելու դեպքում օրենքը ուժի մեջ է մտնելու 2021 թվականին։

Պատասխանելով ընդդիմադիր պատգամավորին՝ Բաբկեն Թունյանը նկատեց, որ մինչև 2-րդ ընթերցում ընկած ժամանակահատվածը կարելի է ճշտել՝ արդյոք կան հակասություններ Սահմանադրության հետ։

«Եթե կլինի շտկելու կարիք, կշտկենք։ Ինչ վերաբերում է օրենքի բովանդակությանը, ապա կարող եմ ասել՝ շատ լավ օրենք է ու այս օրենքից անհանգստանալու կարիք ունեն միայն գույքի խոշոր սեփականատերերը, որոնք այս պահին արդարացի մակարդակից քիչ են հարկվում ու դրա համար այս օրենքը չէր կարող մինչև հեղափոխությունը ընդունվեր», - ասաց Թունյանը։