Քոչարյանի 300 մլն դոլարի «նվերը» Փաշինյանին․...

Վարչապետ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում հպարտորեն արձանագրել էր իր իշխանության կողմից սկիզբ դրված «տնտեսական հեղափոխության» հերթական ձեռքբերումը․ ««Արդշինբանկը» Հայաստանի պատմության համար աննախադեպ ծավալի՝ 300 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել, աննախադեպ ցածր 6.5 տոկոսով: Թողարկված եվրոբոնդերի պահանջարկը եղել է 200 միլիոն դոլարով ավելի: Իսկ ձեռքբերած ներդրողները շուրջ 70-ն են:

Սա մեր տնտեսության մեջ կատարված ուղիղ օտարերկրյա ներդրում է: Սա տնտեսական հեղափոխության վառ արտահայտություն է»:

Այն որ վարչապետ Փաշինյանի գրառումը վիճելի էր և պարունակում էր սխալ ուղերձներ կասկածից վեր էր։ Կարճ ժամանակ անց դա փաստարկված քննադատեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը․ «Քիչ առաջ վարչապետ ՆՓ-ն գրառում է կատարել առ այն, որ ՀՀ առևտրային բանկերից մեկը 6.5%-ով 300 մլն է ներգրավել։ Նա սա վերագրել է իշխանության հաջողություններին և այդ 300 մլն-ը ներդրում դիտարկել։ Ճիշտն ասած, մտադիր չեմ քաղաքատնտեսական բացատրություններ տալ։ Պարզապես զարմացած եմ։ Արդյո՞ք նա տեղյակ է բացասական տոկոսադրույքների մասին, արդյո՞ք տեղեկացված է թե վերջին 2-3 տարիներին տոկոսադրույքների ինչ հսկայական անկում կա վարկային ռեսուրսների շուկայում, արդյո՞ք գիտի, որ Արևմուտքի չաճող տնտեսության հիմնական լծակը մնացել է փող տպելը, արդյո՞ք գիտի բացասական տոկոսադրույքների մասին, արդյո՞ք գիտի, որ 0-1 տոկոսով եվրովարկերը ամենատարածվածն են, արդյո՞ք տեղյակ է, որ Արևմուտքում որոշ կարճաժամկետ արժեթղթերն ավելի թանկ են, քան երկարաժամկետները, արդյ՞ք հասկանում է, որ նման միջոցառումները հարաբերականորեն արժևորելու են դրամը և արդյոք ընկալում է, որ այդ սովորական բանկային միջոցառումը ներդրման հետ կապ չունի։ Ի վերջո, արդյո՞ք նա տեղյակ է, որ 7 ամիս առաջ վրացական TBC-ը այդ նույն միջոցները տեղաբաշխել է 5.75%-ով, իսկ 2014-ին Լոնդոնի բորսայում IPO է արել տեղաբաշխելով 640 մլն (այ սա ներդրում էր)․․․»,-իր ֆեյսբուքյան էջում գրել էր Հրանտ Բագրատյանը։

Վարչապետ Փաշինյանի գրառումը խնդրահարույց է մեկ այլ տեսանկյունից ևս։ Այն  նաև երկար տարիներ Փաշինյանի ու իր թիմի կողմից գործածված քաղաքական շահարկման բացահայտում էր։

Նիկոլ Փաշինյանը և իր թիմի բազմաթիվ գործիչներ տարբեր ժամանակնակներում խոսել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ահռելի կարողության մասին, որը ըստ իրենց տվյալների հասնում է մինչև չորս միլիարդ դոլար։ Նախկին ընդդիմադիրները ժողովրդին հավատացնում էին, որ Հայաստանում գործող բազմաթիվ բանկեր պատկանում են Ռոբերտ Քոչարյանին, այդ թվում «Արդշինինվեստբանկը» (սա նույն«Արդշինբանկը»-ն է)։

Իշխանափոխությունից հետո Քոչարյանին պատկանող բանկերի հետ խոսակցությունները իշխանություններն այնքան թեժացրեցին, որ բանկը ստիպված եղավ պաշտոնապես հերքել լուրերը և առաջարկել լրատվամիջոցներին ծանոթանալ իրենց բաժնետերերին վերաբերվող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերին․ «Վերոնշյալ տեղեկատվությունը հաստատելու համար Բանկը պատրաստ է ներկայացնել Բանկի բաժնետերերի վերաբերյալ համապատասխան տեղեկանք ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայից»:

Եվ եթե հավատալու լինենք ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին, ապա իր տնտեսական հեղափոխության համար 300 մլն դոլարի նվեր է արել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող բանկը։ Եվ ստացվում է, որ Փաշինյանը գովազդում ու շնորհակալություն է հայտնում մի բանկի, որը իր պանդմամբ «թալանի իշխանության» սեփականությունն է։

Իսկ եթե այս ամենին նայենք իրականության տեսանկյունից, ապա ևս մեկ անգամ ապացուցվում է, որ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը նախկինում ամեն առիթ, անգամ հորինված, օգտագործել են, որպեսզի դիվիդետներ հավաքեն։