Սա լավ ցուցիչ է, թե ինչպես է այս վարչապետը կա...

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քաղաքական վերլուծական դաշտում բոլորը վաղուց հասկանում էին, որ սեփական գահավիժող վարկանիշի պարագայում` հնարավոր պալատական հեղաշրջման արդյունքում հենց սեփական կողմնակիցների ձեռքով իշխանության բերվելու ամենամեծ շանսերն ունի հենց Արթուր Վանեցյանը:

Երբ պետության ղեկավարը թույլ է տալիս, որ իր հատուկ ծառայության` ըստ էության գաղտնի ոստիկանության ղեկավարը գրեթե ամեն օր հարցազրույց տա ու աստիճանաբար դառնա ռոք աստղ` դա տվյալ անձի մեղքը չէ, որ օգտվում է այդ աննախադեպ հնարավորությունից, այլ պետության ղեկավարի, որ նման աննախադեպ անզգուշություն է թույլ տալիս: Գերպոպուլյար գաղտնի ոստիկանը, իր տիրապետած ռեսուրսներով` պալատական հեղաշրջում կատարելու կամ դրանից օգտվելու լավագույն թեկնածու է: Հենց դա է պատճառը, որ աշխարհի որևէ երկրում, որևէ նորմալ պետությունում երբևէ հատուկ ծառայության ղեկավարը չի լինում այդքան հանրային և այդքան բարձր վարկանիշ ունեցող` չունենալով որևէ քաղաքական անցյալ, չլինելով որևէ ժողովրդավարական, հանրային, հասարակական կամ հեղափոխական ներդրում ունեցող անձ:

Հիմա, երբ այս վարչապետը` չտիրապետելով քաղաքագիտական որևէ գիտելիքի` բավական ուշ հասկացավ այս պարզ քաղաքագիտական ճշմարտությունը` ինքն է հեռացնում իշխանությունից իր իսկ աճեցրած կերպարին և միաժամանակ փորձում է արդեն ստվեր գցել նրա վրա:

Սա լավ ցուցիչ է թե ինչպես է այս վարչապետը կատարում կոպտագույն սխալներ, հետո փորձում շտկել դրանցից ոմանք, երբ հետևանքներն այլևս շատ ծանր են լինելու: Շարքային անվտանգության ծառայողին դարձնելով սուպերաստղ` հետո նրան առանց բացատրության հեռացնելով ու շանս տալով հանդես գալ տուժող ընդդիմադիրի դիրքերից` ամենաանխոհեմ պահվածքներից է, որ երկրի կառավարիչը կարող է իրեն թույլ տալ:

Ցավոք` սա մեկն է միայն բազում այն անհեթեթություններից, որ այս իշխանությունն իրեն թույլ է տվել, տալիս է և դեռ տալու է»: