Սա խոշոր քաղաքական սխալ է, որը կարելի է համեմ...

«Հայաստանի Եվրոպական կուսակցությունը սխալ է համարում այս մերժումը: Դա մարդկային արժեքների, արտաքին քաղաքական և գաղափարական ընտրության հարց է, և, փաստորեն, հերթական անգամ կատարվում է այն, ինչ համարվում է ոչ անգամ հանցագործություն, այլ շատ ավելի վատ»,-Poltik.am-ի հետ զրույցում ասում է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը՝ խոսելով Լեհաստանի Կրինիցա-Զրդույ քաղաքում անցկացվելիք 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին Հայաստանի՝ չմասնակցելու որոշման մասին:

«Մի շարք երկրների թվում համաժողովին մասնակցության հրավեր է ուղարկվել ՀՀ վարչապետին: Հայաստանը չի հաստատել վարչապետի մասնակցությունը և լեհական կողմն այդ մասին տեղեկացվել է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Տիգրան Խզմալյանի խոսքով՝ սա խոշոր քաղաքական սխալ է, որը կարելի է համեմատել միայն Սիրիա հայկական զորք ուղարկելու հետ:

«Սա նույնքան ծանր սխալ է, որը շուտով շատ ծանր կարտահայտվի և՛ տնտեսական իրավիճակի, և՛ ֆինանսաբանկային մեր համակարգի, և՛ մնացած կենսական հարցերի վրա: Սա որոշում է, որը չի արտահայտում հայ հասարակության ազատատենչ զանգվածների կարծիքը, մոտեցումը պատմությանը և մարդկային արժեքներին ընդհանրապես: Ես դա համարում եմ Ռուսաստանի ճնշման տակ ընդունված որոշում՝ կապելով հոկտեմբերին նախատեսված ԵԱՏՄ, ՀԱՊԿ երկրների ղեկավարության գագաթնաժողովի հետ, որը նշանակված է Երևանում: Այսինքն՝ Երևանը հերթական անգամ կանգնած է ընտրության առաջ և հերթական անգամ այդ ընտրությունը սխալ է, խայտառակ է, ամոթալի է: Եթե Սերժ Սարգսյանի օրոք դա բացատրվում էր ինչ-ինչ հանգամանքներով, ապա հիմա կառավարությունը, որը հանդգնել էր եթե ոչ ուղիղ, ապա անուղղակիորեն ակնարկել, որ գիտակցում է և՛ Ապրիլյան պատերազմի պատճառները, և՛ ընդհանրապես աշխարհաքաղաքական իրավիճակը, հիմա, փաստորեն, սխալ որոշում է կայացնում: Նրանք ասել են, որ հասկանում են՝ ինչ է կատարվում, և, այնուամենայնիվ, անում են այն, ինչ անում են: Այստեղ անմեղսունակության վարկած չի աշխատում. սա գիտակցված ընտրություն է, և ավելի ծանր ու աններելի, քան, անգամ, նախորդ իշխանության մոտ»,-ասում է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահը:

Վերջինիս կարծիքով՝ այս պահին մենք գտնվում ենք ոչ թե ստատիկ, այլ դինամիկ իրավիճակում, որը փոխվում է, և փոխվում է ոչ միայն և ոչ այնքան ներքին, որքան արտաքին պատճառների հետևանքով.

«Այդ պատճառներից են նաև աշխարհաքաղաքական փոփոխությունները, հատկապես՝ Ռուսաստանի ընթացող թուլացումը, մեկուսացումը, պատժամիջոցներին ենթարկումը, որը, իհարկե, այսպես թե այնպես արտահայտվում է նաև հայկական արտաքին քաղաքականության մեջ: Եթե մենք կողմնորոշվում ենք դեպի արևմուտք՝ ավելի քաղաքակիրթ, ազատ աշխարհ, ուրեմն՝ մենք բացարձակապես այլ օրենքների, կանոնների, աշխարհայացքի, մարդկային արժեքների օրակարգ ենք ընտրում, եթե մնում ենք սովետական, և հիմա վերականգնվող ձևաչափում, մեզ սպասվում է այն, ինչ հիմա արդեն կատարվում է Ռուսաստանի հետ»: