Սա այս իշխանությունների սկսած գործընթացը չէ....

Ապրիլի 29-ից մայիսի 1-ը Թեհրանում նախատեսվում է «Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի նախաձեռնության» համակարգող խորհրդի նիստը՝  4 երկրների Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի և Վրաստանի նախարարների տեղակալների մասնակցությամբ: Այդ հանդիպում-քննարկումների արդյունքները և ձևավորված առաջարկները կներկայացվեն  հունիսի 16-18-ը Թեհրանում կայանալիք բարձր մակարդակով՝ նախարարակական հանդիպմանը, որից հետո կհստակեցվեն նախագծի իրագործման հետագա քայլերն ու աշխատանքները:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը շուրջ մեկ ամիս առաջ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իրանական կողմն առաջարկել է Հայաստանին էլեկտրաէներգիայի ու գազի տարանցման համագործակցություն ծավալել Վրաստանի և Ռուսաստանի հետ:

Հանդիպման մասին Politik.am-ը զրուցեց Էներգետիկ փորձագետ Արմեն Մանվելյանի հետ, ով ասաց, որ կայանալիք հանդիպումը հին պայմանավորվածությունների արդյունք է և նորություն չէ.

«Այդ տիպի հանդիպում տեղի ունեցավ Երևանում 2016-ի ապրիլին, երբ հանդիպեցին էներգետիակայի նախարարները  և նույնիսկ հռչակագիր ստորագրեցին: Այսինքն` սա այս իշխանությունների ստեղծած գործընթացը չէ, նախորդի գործընթացն է, որի մասին ես բազմիցս ասել եմ, որ այն շատ հնարավոր է իրականացնել: Երբ Փաշինյանը գնացել էր Թեհրան,  Իրանի նախագահ Հասան Ռոհանին բարձրացրեց բարձրավոլտ էլեկտարէներգիայի կառուցման հարցը` առաջարկելով ապրիլին հանդիպում իրականացնել 4 երկրների նախարարների մակարդակով»:

Գազի տարանցման համագործակցության մասին Արմեն Մանվելյանն ասաց, որ այն մանիպուլյատիվ մի բան է, որը ժամանակ առ ժամանակ շահարկվում է: Բազմաթիվ անգամներ ասել եմ, որ այս իշխանությունները իրենց  PR-ի  համար այս ծրարրով ինչ-որ դիվիդենտներ են փորձում շահել: Այս ծրագիր չի կարող իրականացվել ո՛չ տեխնիկապես, ո՛չ աշխարհաքաղաքական, ոչ էլ տնտեսական առումով: 

Անդրադառնալով Հայաստանի մասնակցությանը` փորձագետը նշեց, քանի որ Էներգետիակայի նախարարություն այլևս չունենք, հավանաբար հանդիպումը կլինի որևէ ներկայացուցիչի մակարդակով: