Սա անչափ սխալ և ամոթալի քայլ է․ քաղաքագետը՝ Փ...

Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Լեհաստանում անցկացվող տնտեսական ֆորումին և Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու 80 ամյակին նվաիրված միջոցառումներին, քանի որ լեհական կողմը հրաժարվել է հրավիրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին. նույն պատճառով ֆորումին մասնակցելուց հրաժարվել էր նաև Բելառուսի նախագահ Լուկաշենկոն։ Վարչապետի որոշման և դրա հետևանքների մասին Politik.am-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ։

-Պարո՛ն Մարտիրոսյան, ինչպե՞ս եք գնահատում վարչապետի այս քայլը։

 

-Սա անչափ սխալ և ամոթալի քայլ է: Լեհաստանը Արևելյան Եվրոպայի կարևորագուն երկրներից է, որի հետ հաշվի են նստում Արևմտյան Եվրոպայի բոլոր երկրները: Լեհերը նաև մշտապես լավ տրամադրվածություն են ունեցել Հայաստանի և հայերի հանդեպ: Բացի դա՝ կա մի շատ կարևոր հանգամանք. Հայաստանը Երկրորդ համաշխարհայինում կռված և հաղթած երկրներից է: Այո՛, Խորհրդային Միության կազմում, բայց դա դեռ չի նշանակում, որ Հայաստանը երկիր չէր, և հայ ժողովուրդը ֆաշիզմին չի հաղթել:

 

Ասում են, թե սա արտաքին ճնշման արդյունք է եղել: Եթե այդպես է, ապա ես ճնշողներին չեմ մեղադրում, մեղադրում եմ ճնշվողներին, որոնք սեփական սուվերենությունն ու շահը կարող են զոհել հանուն այլ ուժերի շահերի: Եթե չի եղել, ապա այդ դեպքում գործ ունենք ծայրահեղ սխալականության և անփությության հետ: Դատելով ԱԳ նախարարի՝ մի հսկա բառակույտի տեսքով տրված և իրականում ոչինչ չասող բացատրությունից՝ կարելի է ենթադրել, որ իրական պատճառները «սվաղելու», «շաղախով ծածկելու» միտում ունի պաշտոնական Երևանը: Ասեմ նաև, որ կան տեղեկություններ, որ հրավերք ստացել է նաև նախագահ Արմեն Սարգսյանը: Եվ եթե նա էլ չի գնում, ուրեմն՝ նրան ուղղակի չեն թողել, որ գնա: Մինչդեռ կարող էին գոնե ներկայություն ապահովելու և հրավիրող կողմին չվիրավորելու համար Հայաստանի արարողակարգային ղեկավարին ուղարկել: Ամեն դեպքում, առկա է հայկական շահերին դեմ որոշում: Որոնք են դրա դրդապատճառները՝ ստույգ հայտնի է միայն այդ որոշումն ընդունողներին: Բայց մի բան փաստ է. սա վնասելու է Հայաստանին:

 
-Սա ինչպիսի՞ հետևանք կթողնի Արևմուտքի հետ հարաբերություններում։
 

Վատ հետևանքներ: Նախ՝ տեղեկատվություն ունեմ, որ ծրագրված են եղել հանդիպումներ՝ Հայաստանի վարչապետի և արևելաեվրոպական խոշոր գործարարների հետ. Հայաստանի ղեկավարի համար բավական պատվարժան օրակարգ են կառուցել լեհերը: Բնական է, որ այդ հանդիպումներն այլևս չեն կայանա, իսկ ներդրումներ, որոնք այդքան ջանադրաբար մուրում է դրսից այս իշխանությունը, Արևելյան Եվրոպայից այդպես էլ չեն լինի: Չի լինի նաև այլևս հարգանք լեհական կողմից: Արտաքին, արարողակարգային հարգանք՝ գուցե: Խորքային՝ բովանդակային՝ ոչ: Այս անհեթեթ դեմարշով Հայաստանի վարչապետը չի սեղմում իրեն մեկնված բարեկամական ձեռքը, և դա խիստ մտահոգիչ է: Եվ դժվար չէ կռահելը, որ լեհական կողմում, այս ամենից, ամենայն հավանականությամբ, մեղմ ասած, երջանիկ չեն կարող լինել: Հետևաբար՝ ինչպիսն էլ որ հետագայում լինի լեհական արձագանքը կամ վերաբերմունքը Հայաստանին, նրանց մեղադրել չի կարելի: Պետք է մեր խնդիրների ակունքը միայն Երևանում փնտրենք: Բայց երբ գա պահը՝ գանգատվելու, թե աշխարհը մեզ ուշադրություն չի դարձնում, բարեկամների քանակը խիստ սահմանափակ է, իսկ ներդրումներ չեն գալիս, պետք կլինի հիշեցնել, որ Հայաստանում կային հեղափոխական իշխանություններ, որ հեղափոխական խայտառակությամբ էին վարում արտաքին քաղաքականությունը, կամ որ ավելի ճիշտ ՝ հեղափոխական ներդրում ունեցան Հայաստանի կյանքում՝ ընդհանրապես վերացնելով արտաքին քաղաքականության որևէ նշույլ: