Ռուսաստանը և Ամերիկան ցանկանում են բարելավել...

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հավաստիացրել են, որ մտադիր են աշխատել երկու գերտերությունների լարված փոխհարաբերությունները բարելավելու ուղղությամբ:

Պետքարտուղար Մայք Փոմփեոն և արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել են Սոչիում:

«Մենք պատրաստ ենք բարելավել հարաբերությունները, իհարկե, պայմանով, որ մեր ամերիկացի գործընկերներն էլ նմանօրինակ հետաքրքրություն դրսևորեն»,- ասել է Լավրովը:

«Ես այստեղ եմ, որովհետև նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է բարելավել մեր հարաբերությունները: Դուք նշեցիք, որ մենք ունենք տարաձայնություններ, սեփական շահեր, բայց դա բնավ չի նշանակում, որ մենք պետք է հակառակվենք ցանկացած հարցում: Հուսով եմ, որ կարող ենք առնվազն որոշ հարցերի շուրջ լինել գործընկեր և ամուր համագործակցություն հաստատել»,- պատասխանել է Փոմփեոն:

Այսօր ԱՄՆ պետքարտուղարին Սոչիում կընդունի նաև նախագահ Վլադիմիր Պուտինը:

Թրամփը երեկ ասել է, որ Ճապոնիայում հունիսին գումարվող «մեծ քսանի» գագաթնաժողովում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվան Վաշինգթոնից որևէ հայտ դեռ չի ստացել այդ հանդիպման կազմակերպման վերաբերյալ:

Ենթադրվում է, որ այսօր Սոչում Փոմփեոն՝ ի շարս այլ հարցերի, կքննարկի նաև երկու նախագահների հանդիպման թեման: