Ռուսական կողմի նվաստացուցիչ առաջարկները Փաշին...

Նոր իշխանություններին անվերապահ աջակցող քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ նախորդ իշխանություններին մեղադրում էին «ռուսահպատակության» մեջ, նման մեղադրանքներ էին հնչեցնում անգամ ամենաչնչին առիթի դեպքում։

Քաղհասարակության նույն ներկայացուցիչները, սակայն, այսօր լռում են, երբ Փաշինյանի կառավարությունը ամենատարբեր ճանապարհներով առավել «ռուսահպատակ» քայլեր է անում։ 

Նախ հիշենք, որ Փաշինյանի կառավարությունը թույլ տվեց ռուս մասնագետներին մտնել ԱՄՆ կառավարության կողմից գիտական նպատակներով Հայաստանում հիմնած լաբարատորիաները, որի մասին ռուսական կողմը տարիներ շարունակ խոսում էր, սակայն նախկին իշխանությունների ժամանակ երբեք հնարավորություն չստացան ստուգումներ իրականացնել այդ լաբարատորիաներում։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինին իր անվերապահ հավատարմությունը ապացուցելու համար առանց Ազգային Ժողովի և առանց որևէ միջազգային պայմանագրի Սիրիա ուղարկեց հայկական զորք։ Եվ սա այն դեպքում, երբ Սիրիայի հարցում ՌԴ-ին դեմ է ամբողջ քաղաքակիրթ աշխարհը։

Փաշինյանի կառավարությունը ՌԴ իշխանություններին իր հավատարմությունը ապացուցելու համար նոր քայլի է գնում, որը, վստահաբար կարելի է ասել, հակասում է Հայաստանի Հանրապետության շահերին։ Այսօր Երևանում կազմակերպվել է կոնֆերանս՝ նվիրված Ղրիմի ինքնորոշման 5-ամյակին, որին մասնակցելու է նաև Ղրիմի վարչապետ Գ.Մուրադովը: 

Իհարկե, ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ իրենք պաշտոնական հրավեր չեն ուղարկել Ղրիմի վարչապետին և կոնֆերանսը իրենց հովանու ներքո չի ացնում, բայց բոլորի համար էլ պարզ է, որ առանց իշխանությունների համաձայնության և ցանկության նման կոնֆերանս չէր կարող անցկացվել Երևանում։

Ակնհայտ է, որ Փաշինյանը իր իշխանությունը պահպանելու համար փորձում է ամեն կերպ սիրաշահել ՌԴ-ին։ Ռուսական կողմում էլ հասկանում են դա, և դատելով գործընթացներից՝ կարելի է ենթադրել, որ գնալով առավել նվաստացուցիչ պայմաններ են առաջադրում Հայաստանի կառավարության ղեկավարին։