Ռուս նախարարն ասել է, որ առաջինը օգնում են բա...

Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն բավական ուշագրավ հայտարարություն է արել, որը թեեւ առաջին հայացքից մեզ չի վերաբերում, սակայն եթե հարցին ավելի խորքային ենք մոտենում, ապա նաեւ մեզ է վերաբերվում որպես երկիր, որը գտնվում է հետսովետական տարածքում եւ համարվու է ռեգիոնում Ռուսաստանի թիվ մեկ դաշնակիցը, կամ գոնե այդպես էր ոչ վաղ անցյալում:

Նախարար Մուրաշկոն մասնավորապես ասել է, որ Ռուսաստանը ամեն օր ստանում է խնդրանքներ տարբեր պետություններից` օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում, քանի որ ռուս մասնագետները ունեն կորոնավիրուսի դեմ պայքարի եւ կորոնավիրուսով հիվանդների խնամքի լուրջ փորձ: Նա նշել է, որ Ռուսաստանը օգնություն ցուցաբերել է Իտալիային, Ղրղզստանին, Ղազախստանին եւ առաջիկայում էլ օգնություն ցուցաբերվելու է Ադրբեջանին: Մուրաշկոն ընդգծել է, որ իհարկե աշխատում են ոչ մի օգնության խնդրանք անարձագանք չթողնել, սակայն նաեւ շեշտել է, որ առաջնահերթ օգնության հասնում են բարեկամներին:

Հենց այս միտքն էլ թերեւս մեզ վերաբերողն է: Նախ, օրական արդեն երկնիշ թվերով որպես կանոն կորոնավիրուսից մահեր ունեցող Հայաստանի համար անհասկանալի է, թե ինչու օգնություն չենք խնդրում Ռուսաստանից այն դեպքում, երբ կարող ենք զարտուղի ճանապարհներով սեփական PR-ի համար ահռելի գումարներ ծախսել եւ բժիշկներ բերել Ֆրանսիայից: Եվ ինչու է մեր իշխանությունների պատվախնդրությունը կամ մեծամտությունը միայն ռուսներին դիմելու հարցում այդքան մեզ դոզայավորում ստանում:

Ի վերջո, մեր իշխանությունների համար սեփական ամբիցիաներն ու գոռոզությունն է կարեւոր, թե այն, որ համավարակը շուտ հաղթահարվի: Կամ գուցե համավարակը ձեռնտու է, քաղաքական առումով, քանի որ հնարավորություն է տալիս պահպանել քաղաքական պրոցեսների զսպման լծակները եւ երկարաձգել աթոռին մնալու ժամկետը: