Ռուս-ամերիկյան հարաբերություններն ու կորոնավի...

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, ինչպես հայտնի է, նախօրեին կայացավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Հեռախոսազրույցից հետո, ինչպես նկատել է ռուս վերլուծաբան Ս․ Տարասովը, հնչած մեկնաբանությունները թույլ են տալիս ասելու, որ դրական տրամադրվածություն կա։

Կողմերը շրջագծել են քննարկելիք խնդիրները՝ կորոնավիրուսի տարածում եւ ջանքեր, որոնք ներդրվում են դրա դեմ պայքարի համար, համաշխարհային տնտեսության հետ կապված խնդիրներ, նավթային շուկաներում տիրող դրություն, եւ այլ հարցեր, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին կամ գլոբալ նշանակություն ունեն։

Երկու նախագահները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը անհատական մակարդակով, եւ համաձայնել, որ երկու երկրների էներգետիկ գերատեսչությունները շարունակեն քննարկումները նավթային շուկաներում տիրող իրավիճակի հետ կապված։ Ուշագրավ է այն, որ չնայած ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրներին, որոնք ինչպես ընդունված է ասել, ամենավատ վիճակում են հայտնվել, սկսած Սառը պատերազմի տարիներից, առաջնահերթ Կրենլն ու Սպիտակ տունը քննարկել են կորոնավիրուսի համավարակի տարածման եւ դրա դեմ պայքարի հետ կապված հարցերը։

Ըստ ամենայնի, պանդեմիան երկու երկրներին գլոբալ խնդրի դեմ համատեղ պայքարելու հնարավորություն է ընձեռում եւ սա պատահական չէ։ Դժվար է ասել, թե պանդեմիան ինչքանով կմոտեցնի երկու գերտերություններին, սակայն ամեն դեպքում հասկանալի է, որ եթե ինչ ինչ ջերմացումներ էլ լինեն, դրանք ժամանակավոր բնույթ կկրեն եւ ամեն ինչ իր նախկին վիճակին կվերադառնա պանդեմիայի հաղթահարումից հետո, հատկապես, որ պանդեմիան էականորեն սկսել է ազդել նաեւ նավթային շուկաների եւ համաշխարհային առումով նավթի գների վրա։