Ռոբերտ Քոչարյանը ճիշտ էր, ես սխալվեցի․ Նիկոլ...

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձ կատարեց իր իշխանությունից հիասթափվածներին։ Վարչապետը նշեց բոլոր այն խմբերին, որոնք ըստ իրենց դժգոհ են իր իշխանությունից։

Ըստ Փաշինյանի` հիասթափություն ապրած առաջին խումբը նախորդ իշխանության ներկայացուցիչներն են, ովքեր, նրա բնորոշմամբ, 2018թ-ի մայիսից ասում են, որ հեղափոխական խնջույքը շուտով կավարտվի,  ու ամեն ինչ կվերադառնա իր նախկին տեղը:

Երկորորդը՝ իշխանության մեջ ներգրավված այն մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ զբաղվել են իշխանության PR-ով ու ներգրավված են եղել նաև ռազմավարական ծրագրեր կազմելու մեջ:

Հիասթափված մեկ այլ խումբ էլ իշխանությանը ծառայած կրիմինալ խումբն է, որոնք ևս առաջիկա 10 տարիների համար պլաններ ունեին, բայց այսօր նրանց մի մասը լքել է Հայաստանը, մի մասը հետախուզման մեջ է ու, ինչպես Փաշինյանն է ասում՝ «մտածում է, որ հեսա կգտնեն իրենց»:

Ըստ Փաշինյանի` հիասթափվածների մեջ են նաև կոռուպցիոն համակարգի մաս հանդիսացողները, որոնց այսօր կաշառքի ու կոռուպցիայի պահին բռնում են, մինչդեռ նախկինում նրանք համոզված էին, որ իրենց չեն բռնի: «Նրանց ընտանիքի, մերձավոր շրջապատի բարեկեցությունը տուժել է, ու նրանք հիասթափվելու շատ կոնկրետ պատճառ ունեն»,- ասաց Փաշինյանը:

Հիասթափություն ապրողների շարքում, ՀՀ վարչապետի խոսքով, իրենց տեղն ունեն նաև քաղաքական ուժերը, որոնց միջև նախկինում հստակ դերաբաշխում գոյություն ուներ, որն այժմ անիմաստ է դարձել: Փաշինյանի խոսքով հիասթափված են նաև այն քաղաքական ուժերը, որոնց հետ ժամանակին նաև պայքարել է նախկինների հետ և հիմա այդ քաղաքակն ուժերը իշխանության չգալով կորցրել են իրենց գոյության իմաստը։

Վարչապետը հիասթափություն ապրողների խմբին դասեց նաև «իր հետ քայլողներին», «ընկեր-բարեամներին, որոնք ինչ-որ հույսեր են կապել իր՝ իշխանության գալու հետ, բայց որոնց կյանքում դրանից ոչինչի չի փոխվել:

Հիասթաթվողների մեջ Փաշինյանը նշեց նաև արևմտամետ կողմնորոշում ունեցողներին, որոնք հավատացել էին, թե իշխանափոխությունը Արևմուտքից սպասարկվող գործընթաց է: Միաժամանակ հիասթափված են նաև ռուսամետերը, ովքեր հակառակ տեսակետն էին տածում:

Հիասթափված են նաև օլիգարխները, ովքեր հեղափոխության արդյունքում զրկվել են իրենց արտոնություններից: 

Հիասթափվածների շարքում վարչապետը դասեց նաև նախկին իշխանության կողմից վերահսկվող ու այսօր էլ ֆինանսավորվող լրատվամիջոցներին, ինչպես նաև հոգևորականներին:

Ինչպես արդեն արձանագրեցին, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իր իշխանությունից հիասթափված են նախկին իշխանությունները, նախկին ընդդիմադիրները, հոգևորականները, օլիգարխները, փորձագետները, իր հետ հեղափոխություն արածները, կաշառք վերցնողները և կաշառք չվերցնողները, լրագրողներն ու սփյուռքը։ 

Հետաքրքիր է, որ ստեղծված իրավիճակը բավական մոտ է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կանխատեսմանը։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա ամռանը նախագահ Քոչարյանը հայտարարել էր, որ իշխանություններն իրենց գործողություններով վանում են իրենցից հասարակության տարբեր շերտեր, որն էլ  քաղաքական դաշտում բերել է «կոնսենսուս մինուս մեկ» իրավիճակի․«Կարծում եմ` «կոնսենսուս մինուս մեկ»-ը, որպես գաղափար, արդեն ձևավորվել է քաղաքական դաշտում: Բոլորը տեսնում են, որ պետական ապարատը ծառայում է ոչ թե երկրի զարգացման ծրագրերին, այլ մեկ մարդու բնազդներին ու քմահաճույքներին, որ բխում են նրա` ծայրահեղ պարզունակ աշխարհայացքից: Իշխանությունների պարզունակության և ֆունկցիոնալ իմպոտենցիայի մասին այսօր խոսում են բոլորը: Այսինքն` ընդդիմության դաշտում համախմբման համար բարեբեր հող կա: Սակայն չեմ կարծում, որ համախմբման միասնական կենտրոնը կստեղծվի միանգամից: Ենթադրում եմ, որ ձգողականության տարբեր ուժով մի քանի կենտրոններ կլինեն, սակայն դրանց միջև ակտիվ համագործակցություն կապահովվի։ Ընդ որում` հենց այդտեղ կկենտրոնանա հասարակության քաղաքականապես ակտիվ մտավոր հատվածը: Այդ գործընթացներում ես կարևոր օղակ կլինեմ, սակայն ամենևին ոչ` միակը: Երկրին հարկավոր է առողջ ուժերի լայն համախմբում: Այդ գործընթացն անպայման կհանգեցնի նաև խորհրդարանական ընդդիմության արմատականացմանը, այլապես` այն կկորցնի իր ընտրազանգվածը»,-հայտարարել էր Քոչարյանը:

Փաշինյանն ըստ էության իր այս ուղիղ եթերով անուղղակի կերպով ասաց, որ երկրորդ նախագահ Քոչարյանը ճիշտ էր, իսկ ինքը սխալ՝ բոլոր հիասթափված են իրենից և ըստ էության «կոնսենսուս մինուս մեկ»-ը արդեն իրողություն է։ 

Լուսանկարը՝ «Սպուտնիկ» գործակալության