Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի 2020 թվականի հ...

Իրավիճակը մեր տարածաշրջանում օրըստօրէ լարվում է՝ պետք չէ լինել քաղաքագետ կամ վերլուծաբան ու ամեն օր հետևել տարածաշրջանի երկրների լրահոսին այս ճշմարտությունն ըմբռնելու համար։ Լարումը բառի բուն իմաստով կախված է օդում։

Բաքուն հետզհետե ավելացնում է հրապարակային ճնշումը ղարաբաղյան հակամարտության պատերազմական լուծման ուղղությամբ՝ կրկին անցնելով բացահայտ սպառնալիքների։ Դժվար չէ կռահել, որ այդ հայտարարությունները նաև այսպես ասած «ռազմատեխնիկական» հենք ունեն։ Հայտնի է, որ Ադրբեջանը արդեն մի քանի տարի է ինչ ինտենսիվորեն զինվում է, իսկ անցած մեկ տարում, ըստ տարբեր լրատվական աղբյուրների, այդ ինտենսիվությունը եռապատկվել է։ Չէ որ պարզ է, որ ադրբեջանցիները չեն կարող Փաշինյանի անփորձությունը հավելյալ շանս չհամարել՝ ռազմական /առնվազն՝ ռազմա-դիվանագիտական/ հաղթանակ գրանցելու համար։

Փաշինյանի անփորձությունը, միևնույն ժամանակ, արդեն իսկ վնաս է հասցրել հայ-իրանական հարաբերություններին․ պարզ չէր, թե որն էր Իսրայելում հայկական դեսպանատուն բացելու հրատապությունն այս իրավիճակում, հատկապես՝ Ռոհանիի այցից առաջ։ Իսկ այս վնասը շատ առարկայական արձագանք է ստանալու իրադարձությունների դրամատիկ /պատերազմական/ զարգացման պարագայում։

Ինչն է վնաս հասցրել հայ-ռուսական հարաբերություններին և որքան առարկայական արձագանք կարող է գտնել այդ վնասը իրադարձությունների դրամատիկ /պատերազմական/ զարգացման պարագայում՝ կարող ենք չնշել, հայտնի է:

Անցած օրերին հատկապես վտանգավոր ազդակ հանդիսացավ ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մահմուդ Քուրեշիի ակնհայտ սինխրոնացված կոշտ հայտարարությունները Արցախի «դեօկուպացիայի» հրատապության մասին։ Ընդ որում, սպառնալիքի չափաբաժինը այս հայտարարություններում ակնհայտորեն սովորականից բարձր էր։

Դրան գումարվեցին Փաշինյանի հայտարարությունները ղարաբաղյան խնդրի կարգավորման՝ նաև Ադրբեջանին ձեռնտու տարբերակին իր ձգտման մասին։ Համաձայնեք՝ տարօրինակ հայտարարություն էր, որն իրավամբ սուր քննադատության ու ազգային շահերի դավաճանության մեջ մեղադրանքների հիմք դարձավ։ Ընդ որում, Բաքվից կոշտ ու հեգնական պատասխան եկավ՝ խնդիրը պետք է լուծվի իրենց ձեռնտու «տարածքային ամբողջականության» սկզբունքի համատեքստում։

Կարելի՞ է արդյոք այս գետնապատկերի վրա եզրակացնել, որ նոր պատերազմի սանձազերծման հավանականությունը բավականին բարձր է։ Կարծում ենք՝ կարելի է։

Հիմա ճիշտ ժամանակն է դառնանք մեր հոդված վերնագրին։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե այն ոչ մի առնչություն չունի դրա բովանդակության հետ։ Սակայն առնչությունը, կարծում ենք, ուղղակի է։

Արդեն տևական ժամանակ է, ինչ փորձագիտական որոշ շրջանակներ չեն դադարում պնդել, որ հավանական է 2019 թվականը ավարտվելու, կամ էլ 2020 թվականը սկսվելու է նոր ղարաբաղյան պատերազմով։ Արևմտյան մայրաքաղաքներում «եփվում է» ղարաբաղյան հակամարտության կարգավորման իմիտացիոն-պատերազմական տարբերակ։ Ըստ այդ շրջանակների տեսակետի դեկտեմբերին Փաշինյանը միտումնավոր և վերջնականապես ձախողում է բանակցությունները, Ադրբեջանը Ամանորին մոտ «ստիպված» հարձակում է գործում, քանի որ այլևս «չի դիմանում», խաթարված հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերությունների պայմաններում մենք մեն-մենակ ենք մնում հակառակորդի հետ և մեր վարկաբեկված գեներալների («ժողովրդի պատուհանների վրա կրակող, թալանչի, տռուսիկ-մայկա գողացող») ղեկավարած բանակը տանուլ է տալիս և տարածքներ կորցնում։

Ինչու է սա արվում և ինչու է այստեղ շահագրգիռ Արևմուտքը՝ պարզ է։ Այդպես, հասկանալի է, որ այս պլանը հնարավորություն կտա Արևմուտքին միանգամից 10 նապաստակ խփել․ սիրաշահել Ադրբեջանին, լեգիտիմ դրամական մեծ օժանդակություն ցուցաբերել Հայաստանին և Արցախին՝ դառնալով նրանց ֆինանսական դոնորը (որից լուրջ կախվածություն կառաջանա), ձևավորել ռուսներից թշնամու կերպար հայերիս մոտ («չեկան օգնության չհասան»), օժանդակել Թուրքիայի տարածաշրջանային հզորացմանը՝ պոկելով նրան Ռուսաստանի ազդեցությունից, նվազեցնել Իրանի դերը տարածաշրջանում և այլն և այլն՝ այս ցանկը կարելի է երկար շարունակել։

Ըստ այդ շրջանակների պնդման այսպիսին է հիմա արդեն ավարտական փուլում գտնվող և Փաշինյանի կառավարության կողմից հավանության արժանացած պլանը։ Հնարավո՞ր է արդյոք խանգարել այս պլանի իրագործմանը։ Ո՞վ և ինչպե՞ս կարող է դա անել։

Չզարմանաք, բայց պատասխանը ավելի քան պարզ է․ այո, հնարավոր է, և դա կարող է անել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, եթե, իհարկե, գտնվի ազատության մեջ։

Նախ, Քոչարյանի ազատ արձակումն ինքնին դրական ազդակ է հանդիսանալու հայ-ռուսական հարաբերությունների համար։ Հայաստան-Արցախ հարաբերությունների համար /որքան էլ որ ցավալի է այս հարաբերությունների մեջ խնդիրների մասին խոսելը/։

Քոչարյանի հանդեպ քրեական հետապնդման դադարեցումը հանելու է հայկական բանակին ուղղվող գլխավոր /և պետք է խոստովանենք՝ բացարձակ մտացածին/ վարկաբեկիչ հարվածը՝ իբր մասնակցությունը երկրի սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Բացի այդ, Քոչարյանը մեկն է, ով իր փորձառությունից ելնելով չի սպասելու, թե երբ են ադրբեջանցիները պատերզմ սանձազերծելու։

Նա կարող է միջնորդի նշանակալի դեր ստանձնել և անձամբ բանակցել Վլադիմիր Պուտինի հետ։ Որպես մեկը, ով անգիր տիրապետում է կարգավորման մանրամասներին, նա կարող է գործընթացի առողջացման ազդակներ հաղորդել ԵԱՀԿ Մինսկի խմբին և չեզոքացնել Փաշինյանի անփորձության հանգամանքը։

Մեր տեղեկություններով, Քոչարյանը լրջագույն կապեր ունի նաև Իրանի քաղաքական շրջանակներում, ինչն անշուշտ օգտագործվելու է՝ պատերազմը կանխելու համար։ Իսկ Քոչարյանի հեղինակությունը Արցախում կարող է առնվազն կրկնապատկել արցախցիների մարտական ոգին, ինչն ակնհայտ է։

Սակայն, դեպքերի ընթացքը ցույց է տալիս, որ Քոչարյանի օգնությանը իշխանությունները չեն ապավինում։ Հակառակը․ պարզ է, որ եթե այս պլանն իրողություն պետք է դառնա, ապա Քոչարյանն էլ պետք է կալանավորված մնա։ Ճիշտ այնքան, քանի դեռ պլանն իրագործված չէ։

Հետևաբար, հաշվի առնելով, որ պատերազմի համար արդեն իսկ ծայրահեղ ժամկետ է ընտրված (գալիք Ամանոր), ուրեմն Քոչարյանը ամեն գնով պետք է կալանավորված մնա մինչև 2020 թվականի հունվարի 12-ը։

Գուցե մեր այս կանխատեսումը տխրեցնի Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին, սակայն ըստ ամենայնի հենց սա է ճշմարտությունը։

Ամեն դեպքում, տարվա ավարտին քիչ ժամանակ է մնացել, և իրադարձությունների զարգացումը ի ցույց կդնի բոլորիս՝ ճշմարտությու՞ն են արդյոք ազդարարում փորձագիտական շրջանակները աղբյուրները, թե՞ ոչ։