Ռոբերտ Քոչարյանի` թվով երրորդ կալանավորումը շ...

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ քրեական դատարանի երեկ հրապարակված որոշման կապակցությամբ.

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարում է.

• Վերաքննիչ քրեական դատարանը կոպտորեն ոտնահարել է մրցակցային դատավարության սկզբունքը և կայացրել է բացառապես քաղաքական որոշում:

• Նշված գործընթացը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության և դատական իշխանության անկախության հետ։

• Ռոբերտ Քոչարյանի` թվով երրորդ կալանավորումը շարունակվող քաղաքական վրեժխնդրության հերթական դրսևորումն է, որով փորձ է արվում նաև շեղել հայ ժողովրդի ուշադրությունը երկրում օրեցօր կուտակվող բազում խնդիրներից:

• Նման զարգացումները վնաս են հասցնում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական իրավիճակին և միջազգային վարկանիշին։ Միաժամանակ ընդգծում ենք, որ առնվազն զավեշտալի են իշխանական քարոզչական մեքենայի ջանքերը Նիկոլ Փաշինյանի վարկանիշի շարունակական անկումը բացատրել Ռոբերտ Քոչարյանի կամ այլ ընդդիմադիր գործիչների կալանքի տակ չգտնվելու հանգամանքով:

• Երկրում շարունակաբար խրախուսվում է հասարակության պառակտման գործընթացը, որն առավել վտանգավոր է դառնում տարածաշրջանային խիստ մտահոգիչ մարտահրավերների ֆոնին։

• Այսպիսի որոշումները ապացուցում են, որ ազդարարված դատաիրավական բարեփոխումների և դատարանների անկախության աստիճանը բարձրացնելու մասին հայտարարությունները կեղծ են:

• Հանրապետականն այս հարցի և նրա շուրջ զարգացումների մասին բարձրաձայնելու է նաև միջազգային համապատասխան հարթակներում և ձևաչափերով»։