Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կփոխվի, եթե․...

Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին։

Ըստ հրապարակման փաստաբանական թիմն ամբողջացնում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ դրանք դատարանին ներկայացնելու համար։ Երկրորդ նախագահին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու երկրորդ դեպքը կլինի սա, Արցախի ներկա եւ նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակումից հետո, որը տեւեց մեկ ամիս կամ մի քիչ ավելի։ Հետաքրքիր է, թե Փաշինյանի «սրտի դատավոր»-ը ինչ որոշում կկայացնի, սակայն կարեւոր է, այն, թե ինչ քաղաքական որոշում կկայացվի։

Հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանը, որքան էլ սկզբունքային է փորձում ներկայանալ, որքան էլ սիրում է խոսել ինքնիշխանությունից, եւ այլ բարձր բաներից, սակայն իրականում բավականին լավ էլ ադապտացվել է իրականությանը, որը կա այսօր հետսովետական տարածքում։

Պատահական չէ, որ ինքն անձամբ է ասել, որ օրինակ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի չկալանավորման համար իրեն դիմել էին Ղազախստանի այժմ արդեն նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն ու Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ուշագրավ է, որ երկու ոչ-ժողովրդավար նախագահների միջնորդությանը նաեւ ինքն է միացել։ Արդյունքում Խաչատուրովի խափանման միջոցը կալանավորումը չեղավ։

Անցյալ տարեվերջին, խոսելով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու անհրաժեշտության մասին, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը նկատել էր, որ եթե Խաչատուրովի համար միջնորդել էին Նազարբաեւն ու Լուկաշենկոն եւ Փաշինյանը միացել էր, ապա ինչու Արցախի գործող եւ նախկին նախագահների միջնորդությանը նա չէր միացել։

Այժմ, մարտի մեկի նախաշեմին նա ունի սիմվոլիկ հնարավորություն, միանալու նախկին վարչապետերի միջնորդությանը, ցույց տալու, որ այո դատարանն անկախ է այնքան որ նույնիսկ ինքն է միանում միջնորդությանը տեսականորեն չիմանալով, թե ինչ որոշում կկայացվի եւ բացի այդ, ցույց կտա, որ հարգում է Հայաստանի նախկին վարչապետերի խոսքը, ինչը կարեւոր է սուվերենության տեսանկյունից, այսինքն, եթե ժամանակին այլ պետություններ ներկայացնող լիդերների խոսք եմ հարգել, ապա որքան առավել կհարգեմ իմ երկրի նախկին վարչապետերի խոսքը։