ՀՀԿ-ի պատասխանը` Ռոբերտ Քոչարյանին

քոչարյան-սերժՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  հարցազրույցին:

«Ծանոթացա հարգարժան երկրորդ նախագահի հարցազրույցին՝ մեկ հարցանոց հարցազրույցին եւ ակամայից նաեւ ժամանակ խնդրեցի, որպեսզի ծանոթանամ նաեւ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը, եւ համադրեցի այս երկու հարցազրույցները: Եվ ի տարբերություն հարգարժան երկրորդ նախագահի մեկ հարցանոց հարցազրույցի, Վենետիկի հանձնաժողովում իր գնահատականում չկային վերամբարձ բառեր, կար գնահատական, կար միջազգային փորձ, տեսլական եւ բարձր գնահատված հանձնաժողովի իրականացված աշխատանքը: Ի տարբերություն ՎՀ-ի գնահատականի՝ երկրորդ նախագահի հարցազրույցում կային եւ գերակշռող էին ոսկեղենիկ հայերենով գրված վերամբարձ արտահայտություններ: Չարիք, լճացման աղբյուր, վերարտադրման համակարգ. նմանատիպ գնահատականներ էր հնչեցվում:

Բայց այնուամենայնիվ այդ մեկ հարցանոց հարցազրույցում հստակ երեւում էր երկրորդ նախագահի հարցազրույցի անկյունաքարը: Անկյունաքարը հետեւյալ հարցադրումն էր կամ պնդումը, որ այս Սահմանադրությունը պետք չէ փոխել, որովհետեւ նոր Սահմանադրությունը հիմքեր է ստեղծում արատավոր համակարգի վերարտադրման համար: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք արատավոր համակարգի վերարտադրման գործիք բառակապակցության վրա, հիմա ես հարցեր ունեմ. եթե արատավոր համակարգի վերարտադրման գործիքը, ապա այդ արատավոր համակարգը ե՞րբ է  առաջացել, հիմա՞ է առաջացել, թե՞ տարիներ առաջ է առաջացել, ո՞րն է դրա ծնող պայմանները, ինչ պայմաններում է  առաջացել այդ արատավոր համակարգը: Երկրորդը՝ եթե իրոք համակարգն արատավոր է եւ այդ համակարգը պետք է վերարտադրվի, ապա ոչինչ չփոխելով՝ ինչպե՞ս պետք է մենք փոխենք այդ արատավոր համակարգի վերարտադրման դեմ: Բայց մյուս կողմից ինձ համար հասկանալի են հարգարժան երկրորդ նախագահի գնահատականների օբյեկտիվ հիմքերը, որովհետեւ լիովին մարդկային է  եւ հասկանալի, երբ մարդ դժվար է  եւ շատ դժվար է  հրաժարվում մի բանից, որի ստեղծողն ինքն է եղել»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դեմ էր արտահայտվել սահմանադրական փոփոխություններին:

 

Դիտվել է 190 անգամ
 


Այս թեմայով