Ռեգիոնը նորից սկսել է եռալ

Սիրիական Իդլիբի հարցը կարծես թե սկսել է հարվածել ռուս-թուրքական սիրավեպին եւ որոշակիորեն սառնություն մտցնել այնտեղ։ Մի կողմից, ռուսների լուռ քաջալերանքով Սիրիայում նախագահ Ասադի զորքերը մեկը մյուսի հետեւից ազատագրում են Իդլիբը թուրքական հենակետերից, մյուս կողմից, թուրքերը նահանջում են իրենց դիրքերն իսկ այրելով, իսկ Էրդողանն էլ ատամներն է կրճտացնում, փորձելով գոնե դեմքը փրկել ակնհայտ պարտությունից։

Էրդողանն իրեն հատուկ պոռթկունությամբ հայտարարում է, որ միայն ժամանակի հարց է, եւ իրենք կարող են ցանկացած պահի սկսել ռազմական նոր օպերացիա Իդլիբում։ Մոսկվան բազմանշանակ կարեպով արձագանքում է, որ դա կլիներ չափազանց վատ սցենար, եղած սցենարային զարգացումներից, որը կընտրեր Անկարան եւ նշում, որ Անկարան չի կարողացել կատարել Սոչիի պայմանավորվածություններից որոշ առանցքային կետեր, թեեւ Թուրքիան դրա հակառակն է պնդում։ Երկու անգամ, տասն օրվա մեջ, Անկարայում եւ Մոսկվայում բանակցություններ տեղի ունեցան եւ անարդյունք։ Էրդողանը բավարարված չէ արդյունքներից եւ կատաղած է։ Բայց մեծ հնարավորություն չունի ճնշելու Ռուսաստանին կամ Իրանին։

Արդեն այսօր հայտնի դարձավ, որ Իրան-Ռուսաստան-Թուրքիա նոր գագաթնաժողովի ժամկետներն են ճշտվում։ Պարզ է ծանր օրակարգ է լինելու։ Անկարան իհարկե կփորձի ինչ որ բաներ կորզել, թեկուզեւ խաղալով ռուս-ամերիկյան հակասությունների վրա, սակայն Էրդողանը թերեւս լավ է հիշում, թե ով է փրկել իր գահն ու կյանքը 16 թվականի հեղաշրջման փորձի ժամանակ։ Մոսկվան էլ գիտի ամեն բան կապիտալիզացնելու եւ սակարկելու նուրբ արվեստը եւ չի զիջի։

Ռուսական փորձագիտական շրջանակներն անցել են հոգեբանական հակագրոհի եւ ներկայացնում են սցենարներ, թե ինչ կլինի, եթե ռուս-թուրքական պատերազմ տեղի ունենա։ Որքան էլ ուշագրավ է, սակայն մաքսիմում մեկ-երկու օրվա պատերազմ են կանախտեսում, որից հետո Եվրոպայի ամենաուժեղ բանակի համբավն ունեցող թուրքական բանակը ծունկի կգա։Մենք իհարկե, այս ամենից անմասն մնալ չենք կարող, քանի որ եթե օրինակ պատերազմ լինի, ապա ռուսական ցամաքային հարձակումը հենց Հարավ-Կովկասյան ուղղությունից է լինելու։ Բացի այդ, Անկարան կուզենա Ղարաբաղյան խաղաթուղթն էլ օգտագործել, բայց դե կստացվի արդյոք այս օրերին «չափազանց խառը վիճակում գտնվող» Ալիեւին նման արկածախնդրության մղել, եւ ինչ գնով, սա է հարցը։