ՌԴ-ն կօգնի Հայաստանին և Ադրբեջանին՝ Վիեննայու...
Մոսկվան Բաքվին ու Երևանին անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերելու Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև անցկացված  հանդիպման արդյունքների իրականացման գործում, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովցան՝ ONA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
 
«Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կողմերին աջակցելը՝ կարևորագույն արտաքին քաղաքական գերակայությունների թվին է պատկանում: Այդ հանգամանքը առանձնակի կարևորություն է տալիս իրականացվող միջնորդական գործունեությանը, որոշում մեծ ուշադրությունը դրա արդյունքների նկատմամբ, - նշել է Զախարովան: - Սերտ փոխգործակցությամբ ենք աշխատում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մյուս համանախագահ պետությունների հետ»:
 
Այս համատեքստում անդրադառնալով Երևանում քաղաքական ղեկավարության փոխվելու վերաբերյալ հարցին՝ Զախարովան ընդգծել է, որ դա «Հայաստանի ներքին գործն է»:
 
«Ղարաբաղյան կարգավորման խնդիրների շուրջ բանակցային գործընթացը շարունակվում է: Կողմերը մտադրություն են դրսևորում շարունակելու խաղաղ կարգավորման հասնելուն միտված աշխատանքը», - հավելել է Զախարովան:
 
Նրա խոսքով՝ այդ տրամադրվածությունն արձանագրվեց նաև անցյալ շաբաթ Վիեննայում Ալիևի և Փաշինյանի հանդիպման արդյունքների վերաբերյալ արված հայտարարության մեջ:
 
«Ողջունում ենք բանակցություններում գերակշռող կառուցողական մոտեցումը: Կողմերին անհրաժեշտ օժանդակություն ենք ցուցաբերելու, որպեզի իրագործենք այն գաղափարները, որոնց շուրջ ըմբռնում ձեռք բերվեց Ավստրիայի մայրաքաղաքում», - հավաստիացրել է դիվանագետը:
 
«Սակայն, ինչպես բազմիցս ընդգծել են համանախագահ երկրների ղեկավարները՝ հակամարտությանը վերջ դնելու պատասխանատվությունն ընկած է դրանում ներքաշված կողմերի վրա: Դրա համար հիմք կա: Գլխավորը՝ քաղաքական կամքի դրսևորումն է», - շարունակել է Զախարովան:
 
Ալիև-Փաշինյան հանդիպման ամենակարևոր արդյունքն այն էր, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ուղիղ երկխոսությունը՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը տեղի է ունեցել մարտի 29-ին ավստրիական մայրաքաղաքում: