ՌԴ-ից Հայաստան վերադառնալու համար դիմում-հայտ...

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են․«Ս/թ․ հունիսի 18-ի դրությամբ` Ռուսաստանից կազմակերպվող չարտերային չվերթներով Հայաստան վերադառնալու համար դիմում-հայտ ներկայացրած քաղաքացիների թիվը գերազանցել է 25 հազ․100-ը։

Քաղաքացիների՝ հայրենիք վերադարձի ապահովումը շարունակում է այս ժամանակահատվածում մնալ դեսպանության կարևորագույն գործառույթը, որի կազմակերպմանն է ուղղված մեր ողջ ներուժը։

Ինչպես հայտնի է, չարտերային չվերթների հաճախականությունը հունիս ամսվա ընթացքում ավելացել է՝ ընդգրկելով նաև չվերթներ դեպի Հայաստան ռուսաստանյան այլ քաղաքներից (Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Սոչի, Եկատերինբուրգ և այլն)։

Այս ուղղությամբ ընթացող աշխատանքները շարունակական բնույթ են կրում և առաջիկայում ևս նախատեսված են չարտերային չվերթներ։

Այդուհանդերձ, ստեղծված կարանտինային իրավիճակի պայմաններում, ցավոք, իրատեսական չի դիտվում ապահովելու բոլոր ցանկացողների վերադարձը նշված չվերթներով։

Ուստիև, կոչ ենք անում մեր հայրենակիցներին սպասել կանոնավոր թռիչքների վերականգնմանը։

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ իրականացվող չարտերային չվերթները նախատեսված են առաջնահերթ հայրենիք վերադարձող ՀՀ քաղաքացիների համար։

Չվերթներից կարող են օգտվել նաև երկքաղաքացի հանդիսացող դիմումատուներն ու այն ՌԴ քաղաքացիները, որոնց ընտանիքի անդամ հանդիսացող ՀՀ քաղաքացիները գտնվում են Հայաստանում։

Այս օրերին ընտանեկան և այլ բնույթի հարցերով դեսպանությանը դիմող քաղաքացիների առնչությամբ պետք է նշենք նաև, որ ընդառաջման հարցում մեր հնարավորությունները սահմանափակ են՝ ելնելով երկար ժամանակ չվերթի սպասող և մեծամասամբ նույնանման խնդիրներ ունեցող քաղաքացիների հերթի պահպանման անհրաժեշտությունից»։