ՌԴ ԱԳՆ-ն անհանգստություն Է հայտնել հայ-ադրբեջ...

Մոսկվան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

«Իսկապես անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման կապակցությամբ, ինչի հետևանքով հայ զինծառայող է սպանվել, երկու կողմում էլ կան վիրավորներ»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ: Նա նշել է, որ լարվածության աճը հակասում է հրադադարի ռեժիմը պահպանելու շուրջ վերջին պայմանավորվածություններին և քաղաքական ճանապարհով կարգավորման հասնելու մտադրություններին:

«Հետագա էսկալացիան անթույլատրելի է, կոչ ենք անում դիմակայության մասնակիցներին ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել ուժի գործադրումից, ձեռնարկել իրադրության կայունացմանն ուղղված քայլեր»,- ասել է խոսնակը: