Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ կապով տեղեկացրեց, որ Համահայկական խաղերի բացման արարողության կապակցությամբ օգոստոսի 5-ին ելույթ կունենա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ Նա բոլորին խնդրեց ներկա լինել այդ օրը, քանի որ լինելու է «շատ կարևոր խոսակցություն»։
Փաշինյանն ասաց, որ առիթն օգտագործելու է՝ ավելի լայն օրակարգով խոսելու Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հարցերի վերաբերյալ, համազգային միասնության և այլ թեմաներով։ Վարչապետն ասաց, որ մինչև հիմա առիթ չէր ունեցել այդ ֆորմատով շփվել արցախցիների հետ, և վստահ է, որ այդ օրը նրանց աչքերի մեջ նայելով՝ կարողանալու է փոխանցել իր ասելիքը։
Վարչապետ Փաշինյանի համազգային միասնության պլանները խառնում է Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա արդեն շատերի համար է հասկանալի, որ «Մարտի 1»-ի գործը փլվել է, ու իշխանությունները չեն կարողանում ապացուցել այն մեղքը, որը դրվել է նախագահ Քոչարյանի վրա, և միայն ակնհայտ ապօրինի որոշումներով են նրան պահում անազատության մեջ։
Իհարկե, բոլորն էլ ցանկանում են, որ բացահայտվի «Մարտի 1»-ը, և հասարակությունը հասկանա, թե ինչ է կատարվել իրականում, բայց այդ բացահայտումը չի կարող վստահություն ներշնչել, եթե այն կատարվել է քաղաքական իշխանության կողմից մեղավորներ նշանակելուց հետո։ Ըստ էության՝ իրավապահ համակարգը միայն Փաշինյանի վաղօրոք ասված ցանկություն է թղթին հանձնում։ Սա է այսօր տպավորությունը Քոչարյանի դեմ իրականացվող պրոցեսներից։
Հ․Գ․ Եվ հիմա առնվազն տարօրինակ է լինելու Արցախում Համահայկական խաղերի ժամանակ խոսել միասնությունից այն պարագայում, երբ հրապարակում գտնվող բոլորին պարզ է, որ Արցախի անկախության, հաղթանակի և միասնության առաջամարտիկը, Համահայկական խաղերի հիմնադիր, պատերազմող Արցախի ՊՊԿ նախագահը, Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահը այդ պահին նույն Փաշինյանի կամքով և ջանքերով գտնվում է անազատության մեջ։