Քոչարյանը ճիշտ էր, իսկ Փաշինյանը սխալվեց․ վար...

Երբ ժամանակին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից հայաստանյան ներքաղաքական օրակարգում ներդրվեց «կոնսենսուս -1» բանաձեւը, շատերը թերահավատորեն էին մոտենում, որ այդ բանաձեւը կգործի կամ առհասարակ կունենա կենսունակություն։

Հասկանալի էր, իշխանափոխության հաջողությամբ առաջացած ոգեւորության պիկն ու էյֆորիկ ապրումները խանգարում էին սառը դատել։ Սակայն ընդամենը մի քանի ամիսը բավական եղավ, որպեսզի համաժողովրդական լայն աջակցությամբ, նախկին իշխանությունների հանդեպ դժգոհությունների գեներացիայի եւ պոռթկման ֆոնին իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ինքն ապացուցի, որ նախագահ Քոչարյանի «կոնսենսուս -1» բանաձեւը ոչ միայն կենսունակ է եւ գործելու ընդունակ, այլ նաեւ ճիշտ հաշվարկ էր հայաստանյան քաղաքական համակարգի իրողությունների ճիշտ գնահատմամբ։

Բանաձեւը բավական պարզ ու հստակ բովանդակային տարողություն ունի, ինչպես ժամանակին բացատրել է Վիկտոր Սողոմոնյանը՝ բոլորի կոնսոլիդացիան՝ ընդդեմ նեղ անձնական համոզմունքներով ու պատկերացումներով միաձնյակ կառավարման ձգտողի։ Կյանքը ցույց տվեց, որ այսօր արդեն 2020-ի հունիսին Նիկոլ Փաշինյանը մնացել է միայնակ քաղաքական դաշտում, երկրի ահռելի պատասխանատվության եւ իր համար գոնե անհաղթահարելի մարտահրավերների դեմ հանդիման կանգնած։

Քաղաքական բոլոր ուժերը եւ անհատները, որոնք կարողունակ են եւ կարող են ինչ որ բան անել երկրի համար, այսօր դեմ են Փաշինյանին։ Նույնիսկ նրա «ՔՊ» կուսակցությունը այլեւս միատարր չէ, եւ հազիվհազ է հնարավոր դառնում առաջացող ճաքերը «սվաղել» տարատեսակ միջոցներ, նույնիսկ ռեպրեսիվ ճնշումներ գործի դնելով ըմբոստների հանդեպ։ Նույնիսկ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից վերջին պահին Փաշինյանին ցուցաբերված օգնությունը կարծես թե սպասված ազդեցությունը չի գործում։

Եվ այսպես, Փաշինյանին դեմ է Հանրապետական կուսակցությունը, որն այսօր կարելի է ասել դիրքավորված է որպես Փաշինյանի արմատական հակառակորդ։ Սերժ Սարգսյանին եւ Հանրապետականին թերագնահատելը գործող իշխանությունների կողմից բավական լուրջ սխալ էր, թե պետական կառավարման եւ արտաքին կապերի ոլորտում կուտակած տարիների փորձառության առումով, թե քաղաքական, ռեգիոնալ եւ գեոքաղաքական շախմատի տախտակին բավական հաջող նավարկելու կարողությամբ։ Ի վերջո, ըստ էության եթե նայենք, երկու տարում Փաշինյանն ընդամենը հանրապետականի ժառանգությունն է մսխում գոնե արտաքին քաղաքականության ոլորտում, սկսած Ղարաբաղյան կարգավորումից։

Գործող իշխանությունն իր առաջնորդի կարգադրությամբ արշավ սկսեց Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի դեմ։ Պահի ազդեցությամբ հուզական եւ անսթափ որոշում էր դա իշխանության կողմից, ըստ ամենայնի՝ տուրք Հայաստանի գործող վարչապետի ունեցած վախերի։ Ծառուկյանը կայացած գործարար է եւ ընդունված ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ հետսովետական տարածքում։ Հիշեցնենք, որ Ծառուկյանն ընկերական հարաբերություններ ունի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, իսկ Բելառուսն այսօր նախագահում է ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում, եւ հարկ եղած դեպքում կարող է Փաշինյանի կյանքում դժոխային խութեր ստեղծել, եթե օրինակ որոշի միջազգային հետաքննություն սկսել Հայաստանի վարչապետի անվան շուրջ պտտվող անօրինական զենքի վաճառքի մասին հայտարարությունների հետքերով, հայտարարություններ, որոնք արել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, մատնացույց անելով, որ ըստ էության չարաշահվել են ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանին տրված արտոնության պայմանները եւ վստահությունը։

Բացի այդ, Ծառուկյանը, որպես լուրջ գործարար եւ ժողովրդի լեզվով ասած փողատեր, այսօր կարողանում է շատ հարցեր, որոնք ծառացած են հասարակ ՀՀ քաղաքացու առաջ, լուծել, ու դա արդեն ինքնին իշխանության վրա եղած սոցիալական բեռի նկատելի թեթեւացում է։

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր կողմնակիցներով կարելի է ասել, չափազանց վարժ կարողանում է նավարկել թե հայկական, թե արտասահմանյան մեդիահարթակներում։ Պատահական չէ, որ իր իսկ խոսքերի համաձայն, տարիներ շարունակ կարողացել է հենց այդ մեդիահաթակներում նավարկելու շնորհիվ հայկական քարոզչական դիրքերը բավական ամուր պահել եւ նեղ վիճակում դնել թուրք-ադրբեջանական տանդեմին։

ՀՅԴ-ն, որպես հայ իրականության մեջ եղած ավանդական կուսակցություն այսօր Առաքելական եկեղեցուց հետո ամենակենսունակ կառույցն է Սփյուռքում եւ ամենակենսունակ համահայկական քաղաքական միավորը, որը ներկայացված է աշխարհի մի շարք երկրների պառլամենտներում։ ՀՅԴ-ի հետ հակադրվելով, Փաշինյանը կորցրեց զգալի աջակցություն եւ Հայաստանում, եւ Սփյուռքում։ Ու ամենեւին կարեւոր չէ, թե Արամ Ա-ի հետ ինչպիսի ժպիտներ կփոխանակվեն։ Արամ Ա-ի զուսպ եւ սառը, երբեմն էլ ապտակող կեցվածքը արդեն շատ բան պետք է հուշեր գործող իշխանություններին։

«Ելքում» Փաշինյանի նախկին դաշնակից «ԼՀ» կուսակցությունը, թեեւ չունի ՀՅԴ-ի տարիքը կամ ՀՀԿ-ի փորձառությունը կամ ԲՀԿ-ի ռեսուրսներն ու էլիտաներում ընդունվածությունը, սակայն որպես Փաշինյանի հետ ճանապարհ անցած ուժ, բավականին շատ «ընդհանուր խոհանոց» ունի եւ գոնե «ԼՀԿ»-ի հետ Փաշինյանը չպետք է գնար առճակատման կամ չպետք է այդ կուսակցության առանձին անձանց դեմ շանտաժային արշավներ սկսեր, ինչպես գրվեց մամուլում։

ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի «Հայրենիքը» թեեւ նոր է հայտ ներկայացրել քաղաքական դաշտում, սակայն վստահ քայլերով ընթանում է առաջ, զուգահեռ կուսակցաշինական ակտիվ աշխատանք տանելով։ Որպես ԱԱԾ-ական Վանեցյանը ՀՀ ամենից իրազեկված մարդկանցից է, որը քիչ բան չգիտի նույնիսկ Փաշինյանի զգեստապահարանում եղած «կմախքների» մասին՝ կոմպրոմատային պատերազմի այս դարում։

Գալով երկրորդ նախագահ Քոչարյանին, ընդամենը արձանագրենք մի փաստ․ վերջինս Հարավային Կովկասում ավանդաբար թիվ մեկ խաղացող աշխարհաքաղաքական ուժային կենտրոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընկերն է, իսկ Պուտինն իր ընկերներին միայնակ չի թողնում, ինչը ապացուցել է եւ Գերհարդ Շրյոդերի եւ Սիլվիո Բեռլուսկոնիի պարագայում, որոնց նույնպես ընկեր է համարում։

Հիշեցնենք, Իտալիա այցի ժամանակ մեկ ամբողջ ժամ Հռոմի Պապի հետ հանդիպումից Պուտինն ուշացավ, որպեսզի տնային կալանքի տակ գտնվող իր ընկերոջ՝ Բեռլուսկոնիի հետ հանդիպի։ Քոչարյանը լուրջ աջակցություն ունի նաև հասարակության շրջանում։ Նրան աջակցում են բազմաթիվ գործարարներ, որոնք իր նախագահության տարիներին կարողացել են զրոից կայացնել իրենց բիզնեսը։ Քոչարյանին աջակցում են նաև այսօրվա իշխանություններին արմատական ընդդիմադիր տարբեր խմբեր։

Զարմանալիորեն կամուրջներ այրելու մեծ վարպետ Փաշինյանը նույնիսկ համեստ աջակցություն ունեցող «Սասնա Ծռեր»-ի հետ խնդիր ստեղծեց ու զրկվեց նույնիսկ նրանց աջակցությունից։

Ստացվում է, որ հիմա բոլորը մեկի դեմ են, ու իրականացել է նախագահ Քոչարյանի կանխատեսումը, այլ կերպ ասած Քոչարյանը ճիշտ էր, իսկ Փաշինյանը սխալվեց։

Հիմա կարծես թե մոտենում ենք ամենակարեւոր հանգրվաններից մեկին, երբ պետք է պարզվի, թե ով ում հետ է գնալու առաջիկայում սպասվող քաղաքական զարգացումներին։ Նշվածներից եթե երեք չորսն էլ միանան, ապա Փաշինյանի հեռացումը երկար ժամանակ չի պահանջի։

Փաշինյանի հույսը ԱԱԾ-ն է ու Ոստիկանությունը։ Սակայն միայն հավատարիմ ոստիկանապետով ու հավատարիմ ԱԱԾ տնօրենով բան դուրս չի գա, քանի որ ոստիկանությունը ոչ թե ոստիկանապետն է, այլ համակարգը, եւ նույնպես էլ ԱԱԾ-ն ոչ թե տնօրենն է, այլ համակարգը, իսկ այդ համակարգերում, որոնք մեծավ մասամբ խորհրդային-ռուսական ավանդների շարունակողներն են, առանձնապես հիացած չեն Փաշինյանով, ով նույնիսկ բանակ չի ծառայել, ինչպես իր թիմի մեծ մասը։