«Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի» գործով Փաշինյանը...

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ամբողջությամբ հրաժարվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ներկայացված քաղաքացիական հայցից՝ հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու վերաբերյալ։

Պատասխանող կողմը՝ Նիկոլ Փաշինյանի փաստաբան Գևորգ Գյոզալյանը, Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցչին ուղղված փոխհատուցման պահանջ ներկայացրեց՝ 650 հազար դրամի չափով։

«Այս հայցը ներկայացնելն անիմաստ էր։ Իմ վստահորդը, բնականաբար, կատարել էր ծախսեր, ինչպես բոլորդ գիտեք, իմ վստահորդի եկամտի աղբյուրն իր աշխատավարձն է և որպեսզի կանխվեն հետագա անհիմն հայցերը իմ վստահորդի դեմ, ապա այո՛, մենք հետամուտ ենք լինում, որ այդ հարցը լուծվի։ Այն մարդիկ, ովքեր իմ վստահորդի դեմ անհիմն հայցեր կներկայացնեն, դրա դիմաց պետք է վճարեն»,-նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Փաշինյանի ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Գյոզալյանը։

Դատական նիստում Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ գումարի այդ չափը ողջամիտ չէ։ Այս կապակցությամբ Գյոզալյանն ասաց, որ համաձայն չէ ու ավելացրեց.

«Իմ վստահորդը ծախսեր է արել՝ վճարելով «Գյոզալյան և ընկերներ» փաստաբանական գրասենյակին՝ իրավաբանական բնույթի ծառայություններ ստանալու համար։ Այդ ծառայությունները մատուցվել են»։

«Ես մյուս կողմի դատական ծախսերի չափը համարեցի ոչ ողջամիտ՝ նկատի ունենալով, որ այս դատավարությունը տեղի չի ունեցել։ Եթե այս դատավարությունը տեղի ունենար ու տևեր բավական երկար ժամկետ, ես էլ իմ հերթին դատական ծախսեր կներկայացնեի ու դա կլիներ ողջամիտ»,-իր հերթին ասաց Հայկ Ալումյանը։

Դատարանն այս մասին որոշումը կհրապարակի հունիսի 24-ին։