Քոչարյանից ի՞նչ կա․․․Կալանքը հեսա կլինի․․․ Զա...

Yerevan.Today-ը գրում է. «Մեկ տարի առաջ՝ 2018թ․ սեպտեմբերի 11-ին, հրապարակվեց սենսացիոն ձայնագրություն, որը համաշխարհային զանգովի արդարադատության բացառիկ նմուշ է։

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը և Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը պայմանավորվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու, այդ մասին դատավորին ցուցում տալու, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորել-չկալանավորելու մասին։

Հարցազրույցից կարճ ժամանակ անց ուղիղ եթե մտավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու ասաց, թե գաղտնալսումներն արվել են, որ կոռուպցիայի դեմ իրենց պայքարը տապալվի։ Ասուլիս տվեցին «գործող անձինք» ու ասացին, որ այո, նման խոսակցություն տեղի ունեցել է, բայց․․․ Այդ «բայց»-ը, արդեն, որևէ իմաստ չուներ, քանի որ, պարզ լսվում ու հասկացվում էր այն, ինչ խոսել են։ Մնացածն արդարացումներ են։

Իսկ ի՞նչ են խոսել, ի՞նչ ցուցում են տվել։

Գաղտնալսումը կարող եք վերհիշել այստեղ, իսկ մենք ներկայացնենք զրույցի այն գլխավոր կետերը, որոնք ՀՀ արդարադատության նկատմամբ ոտնձգություն են և դատարաններին իշխանությանը ենթարկեցնելու օրինակ։

Արթուր Վանեցյան - Ինձ դատավորն էր նոր զանգել, դե մի քիչ վախեցած ա, ասեցի մի հատ նայի սաղ գործը:

 

***

Ա․Վ․ - Մի խոսքով, դատավորը, ով որ կալանքը պիտի տա: Դրան ասել եմ՝ դուխով: Բա մի հատ հիմքերը պետք ա նայեմ, պարոն Վանեցյան, էս կողմ, էն կողմ: Ասի՝ նայի հիմքերը, կզանգես, բայց կալանքը ասի՝ ուզես-չուզես պիտի տաս:

Սասուն Խաչատրյան - Հա, հա ընգեր, էսի կալանքը որ տանք, սաղ նորմալ կսկսեն գրել, ընգեր, ինձ թվում ա:

***

Ս․Խ․ - Խաչատուրովին էլ ենք բան անում ընգեր, էսօր:

Ա․Վ․ - Արա Խաչատուրովին գործ չունեք, ՕԴԿԲ-ի շեֆն ա, արա:

Ս․Խ․ - Կապ չունի, ընգեր:

Ա․Վ․ - Սպասի, վաղը գալիս եմ, արա, վաղը գամ նոր, Խաչատուրովին ձեռք չտաք:

Ս․Խ․ - Չէ, չէ, չէ, ընգեր, արդեն մեր մոտ ա, ընգեր, տենանք հլը ի՞նչ ցուցմունք ա տալիս ․․․ Դե մի հատ վարչապետի հետ խոսա էլի, ընգեր, որովհետև ես ասել եմ, որ տանում եմ կալանքի:

***

Ս․Խ․ - Ընգեր, որևէ խնդիր չկա, հիմա Վահեն ա գալու մոտս, Գրիգորյան: (Խոսքը ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի մասին է, որը հայտնի է նաև ՀՔԾ-ի փաստաբանը անունով)։ Վահեն մի հատ լուրջ բան կգրի հեսա ընգեր ու ելույթ էլ կունենա, էդ սաղ հարցերին կպատասխանի ախպեր ջան: Պռոստը իմ ելույթը ճիշտ չի, էլի:

***

Ա․ Վ․ - Ախպեր, խնդրում եմ, մի հատ Խաչատուրովինը շատ ուշադիր նայի: Չնայած վարչապետն ասում ա փակեք, բայց ռուսները … ճղում են:

***

Ա․Վ․- Սեյրանին ձերբակալի կամ Հարությունյան Միշային:

***

Ա․Վ․ - Իսկ եթե Խաչատուրովին կանչես, հարցաքննես լավ ցուցմունք, տա խափանման միջոց ուրիշ փոխե՞ս, ասես չենք…

Ս․Խ․ - Ցավդ տանեմ, ես խնդիր չեմ տեսնում, բայց ինքը մինչև չկալանավորվի, ինքը ցուցմունք չի տա:

***

Ս․Խ․ - Թող մի 2 օր նստի, ընգեր, խելքը գլուխը գա, ցուցմունք կտա:

Ա․Վ․ - Թող նստի, խառաշո, իսկ էն բանին էլ, էլի, ընդեղ մի բան արեք, էն Խաչատուրովի տեղակալին:

Ս․Խ․ - Հա, էն որ ասի՞ր: (ծիծաղում է)

***

Դեկտեմբերի 5-ին հրապարակվեց գաղտնալսման երկրորդ մասը, որտեղ Արթուր Վանեցյանը զրուցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնուհետև՝ Սասուն Խաչատրյանի հետ, մի քանի անգամ։

Գաղտնալսման երկրորդ տարբերակը կարող եք վերհիշել այստեղ, իսկ մենք շարունակենք առանձնացնել մի քանի կետ։

Ա․Վ․ - Էդ Խաչատուրովին, որ տանենք կալանքի, մի հատ մտածելա պետք էլի, ինքը ՕԴԿԲ-ի գլխավոր քարտուղարն ա, էտի մի հատ ռուսների հետ, կարծում եմ պրոբլեմ ենք տալու, էլի․․․ Նայեք, հիմա հլը իրան չեն հարցաքննել, կարանք հետաձգենք իրա հարցաքննությունը, Քոչարյանին էսօր անենք, պրծնենք, ավարտենք..․

 

Ն․Փ․ - Նիկոլ Փաշինյան հա, իրանը հետաձգեք, մինչև ես խոսամ:

***

Ն․Փ․ - Իսկ էդ մյուս մասով ի՞նչ կա:

Ա․Վ․ - Մյուս մասով Սասունի հետ խոսացել եմ, Սասունը ասում ա, հաստատ ա, դատավորը զանգեց ինձ ասեց մի քիչ վախում ա էդ կալանքը տա, ասեցի մի հատ գործը լրիվ ուսումնասիրի, զանգի ինձ ասա, որտեղ եք թույլ տեղ տեսնում, ու կասեմ, հիմա դատավորը էտի նայում ա, էդ էլ զանգ կտա-կասի, պարոն վարչապետ:

***

Ա․Վ․ - Դե բանին հետաձգում ենք, բայց Քոչարյանին էսօր ձերբակալում ենք:

Ն․Փ․ - Ես հեսա կխոսամ, հա, շատ լավ:

***

Ն․Փ․ - Իսկ Քոչարյանի հետ կապված ի՞նչ կա, ի՞նչ նորություն կա:

Ա․Վ․ - Քոչարյանի հետ կապված դատարանում հլը լսում են, հեսա կտան բանը, Քոչարյանը կլինի:

***

Ա․Վ․ - Պրիստավիծելները, համ ռազվետկի, համ ՖՍԲ-ի եկել են, Հայաստանում երկու պաշտոնական ներկայացուցիչները, ասում են դա մեծ ապտակ կլինի ՕԴԿԲ-ի հեղինակության վրա, գոնե հանեք, հետ կանչեք, նոր ինչ ուզում եք արեք:

Ն․Փ․ - Բա որ գնա-չգա էլ:

Ա․Վ․ - Դե չենք թողի գնա, կպահենք, կպահենք ․․․ Իրան կարգավիճակ տանք կամ մի բան անենք, բայց չձերբակալենք, որովհետև սրանք ասում են մեծ պրոբլեմ ա, էլի:

***

Ա․Վ․ Ընգեր ռուսները շատ ծանր են տանում, ընգեր, շատ ոռի, կարողա նենց պրոբլեմ տանք։ Ես նոր վարչապետին ասեցի, նոր ինձ համ իրանց հետախուզության պետն ա զանգել, համ ՖՍԲ-ի դիրեկտորը։ Ասում են՝ էս ի՞նչ եք անում։

Ս․Խ․ - Ի՞նչ անեմ, ասեմ՝ գրավ կիրառեն։

Ա․Վ․ - Հը, գրավ թող կիարառեն երևի թե, կամ՝ ստորագրություն խափանման միջոց ընտրեք։

***

Ս․Խ․ - Բայց դե էդ էլ չեմ իմանում ինչ անեմ, դատավորին ասե՞մ։

Ա․Վ․ - Դատավորին ինչ պետք ա՝ կասենք, էդ չի հարցը, բայց մի հատ հասկանանք՝ ինչ ենք անում։

Ս․Խ․ - Ընգեր, սենց ասեմ, մի հատ դու վարչապետի հետ խոսա։

Ա․Վ․ - Վարչապետի հետ նոր ես խոսացի, ինքը նիստի էր, ասեց՝ կարևորը, որ ինքը չփախնի երկրից ու բան չլինի, եթե կարանք։

***

Ա․Վ․ - Դե կարելի ա Խաչատուրովին մեծ գրավով ազատել։

Ս․Խ․ - Մեծ գրավ չի կարա էտի վճարի, որտեղի՞ց ա էտի վճարելու։

***

Ա․Վ․ - Ասա թող հետաձգեն նիստը։

Ս․Խ․ - Էլի՞ հետաձգեն։

Ա․Վ․ - Թող նիստը հետաձգեն, թող վարչապեը մի հատ իրա բանից դուրս գա, նիստից դուրս գա, թող դուրս գա հետը խոսանք, ես խոսացի, բայց դե ամեն դեպքում մի հատ էլ խոսանք, հասկանանք ինչ ենք անում։

***

Ս․Խ․ - Հեսա ես բանին կասեմ թող բան անեն ապեր, հետաձգեն հլը Խաչատուրովի կամ դու ասա նայի, մեկ ա։

Ա․Վ․ - Ուզում ես՝ դու ասա էլի։

Ս․Խ․ - Ես կասեմ հեսա։

***

Ա․Վ․ - Մնացածը նորմալ ա, ընդհանուր բան ենք անում, պարոն վարչապետ, հեսա դատարանը որոշումը կկայացնի կալանավորման, մնացած սաղ հանգիստ ա։

***

Զրույցներից պարզ է դառնում մի քանի բան

  • ՍԴ այսօրվա դատավորը, որն իրեն հռչակել էր դատարանի նախագահ, կատարում է ՀՔԾ պետի պարզ հանձնարարությունները։
  • Դատավորը անհիմն կալանքի թույլ կետերն ուսումնասիրում ու զեկուցում է, որպեսզի առավել հիմնավորն ուղարկեն։
  • Հայաստանի իշխանությունը կալանքը դիտում է ցուցմունք կորզելու միջոց։
  • Դատավորին զանգում են ոչ միայն Սասուն Խաչատրյանը, այլև Վանեցյանը, այսինքն՝ զանգում են նրանք, ովքեր ստացել են առաջադրանքը։
  • Բոլոր ցուցումները տվել են Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելով։
  • Հանրապետության վարչապետը զանգով լուծում է կալանքի հարց

և այլն։

Ի՞նչ ունեցանք գաղտնալսումների ի հայտ գալու արդյունքում

  • ՄԻԵԴ-ում հերթական գանգատը ներկայացվեց առ այն, որ Հայաստանում կոպիտ խախտվում են մարդու իրավունքները, և զանգով փորձ է արվում ճնշում գործադրել դատարանների վրա։
  • Տեսանք, որ մեր երկրում պաշտոնավարողներից որոշները պետական մտածողության իսպառ բացակայություն ունեն։
  • Հայաստանը հայտ ներկայացրեց միջազգային զեկույցներում ներառվելու՝ այն կտրվածքով, որ դատաիրավական բարեփոխումների վրա ծախսված միլիոնավոր դոլարները որևէ օգուտ չեն տվել։
  • Նիկոլ Փաշինյանը գաղտնալսումները մեկնաբանելիս խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ գործը ջուր է
  • Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե դատարանների վրա Բաղրամյան 26-ից ճնշումներ ու զանգեր չեն գնում, սուտ է։
  • Եղավ անտեղի խուզարկություն Yerevan Today լրատվամիջոցում, որից մեկնարկեց Հայաստանում մամուլի վրա աննախադեպ ճնշումները։
  • Իշխանությունը, քաղաքական հետապնդումները սկսելով, միջազգային գործընկերների հետ շփվելիս արդարանալու և բացատրություններ տալու իրողությանն է առնչվում

և այլն։

Քրեական գործի՝ մինչ այժմ գրանցած արդյունքը հետևյալն է՝ կալանավորված նախագահին և քրեական հետապնդման ենթարկվող մյուսներին կալանքը և հետապնդումը չի ընկճել։ Միակ ընկճվածն այսօր իշխանությունն է՝ իր տարբեր ներկայացուցիչներով, ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն, դատախազությունը, մի խումբ դատավորներ, որոնք մեկ տարուց ավելի է՝ ամեն օր հնարքներ են մտածում այս վիճակը երկարացնելու համար։ Մյուսները հանգիստ սպասում են ու ուշադիր հետևում իշխանության տառապանքին»: