Եվ այսպես, արդեն հայտնի է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդության քննարկումը եւ անցավ խորհրդակցական սենյակ։
Դատարանի որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին, ժամը 12:00-ին։ Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը նախօրեին տեղի ունեցած դատական նիստում ներկայացրել էր գրավով խափանման միջոց կալանքը փոխարինելու միջնորդություն` գրավի չափի որոշումը թողնելով դատարանին:
Ու մինչ կգա որոշման հրապարակման օրը, փորձենք վերլուծել, թե ինչ կտար օրինակ երկրորդ նախագահի՝ գրավի դիմաց ազատ արձակումը ընդհանուր ներքաղաքական կյանքին։ Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ գտնվելը բավական լուրջ ներքաղաքական լարվածություն է առաջացրել ու վիճակը քանի գնում խորանում է։ Մյուս կողմից, երկրորդ նախագահի կալանքի տակ գտնվելը լուրջ անհամաձայնությունների առիթ է դարձել նաեւ Երեւան-Մոսկվա հարաբերությունների մասով։ Ի վերջո, մարդկային անձնական բարեկամությունը Քոչարյանի եւ Պուտինի միջեւ, անհնարին է, որ չազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա առհասարակ, հատկապես, որ Պուտինը իր մտերիմների մասով միշտ էլ ուշադրության ժեստեր ցույց տալիս է։ Ուստի հարցը կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ, թե ինչ կտար ներկա իշխանություններին, օրինակ գրավի դիմաց ազատ արձակման՝ դատարանի որոշումը թույլատրեն որ կայացվի։
Առաջին հերթին ներքաղաքական պլանում էականորեն կթուլացնի լարվածությունը, մի բան, որ այսօր խիստ անհրաժեշտ է իշխանություններին, սպասվող մարտահրավերներին դիմագրավելու համար։ Բացի այդ, նկատելիորեն կհարթի հայ-ռուսական հարաբերությունները։ Այսինքն, գոնե կկրճատի վստահության դեֆիցիտը, կավելացնի փոխհասկացողության չափաբաժինը։ Իհարկե, ասել, որ երկրորդ նախագահը կլքի երկիրը, ծիծաղելի է։ Անիմաստ է նաեւ ասել, թե նա կարող է ազդել նախաքննության վրա մի մեղադրանքի առնչությամբ քննվող գործում, որի անհեթեթությունը բոլոր իրավաբաններն են փաստում։ Ուստի արդեն իշխանությունների ընտրությանն է մնում, արդյոք նպատակահարմար են գտնվում շարունակել «խրված» մնալ, թե ելքեր գտնել ու փորձել ի վերջո սկսել երկրի համար աշխատել։