«Երբեք մի ասա երբեք». Քոչարյանը խոսել է իր վերադարձի մասին

քոչՀայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի բացառում վերադարձը մեծ քաղաքականություն: “Երբեք մի ասա երբեք»՝ այդ մասին հարցին ի պատասխան ասել է նա “Ազատություն” ռադիոկայանի թղթակից Աննա Սոուսին տված բացառիկ հարցազրույցում` միաժամանակ ընդգծելով, որ ինքը դեռևս չունի որոշում այս հարցի հետ կապված:

“Դա թերևս ամենից շատ քննարկվող և ինձ համար ամենից փակ թեման է: Քաղաքականության մեջ ասում են` երբեք մի ասա երբեք: Ես ինձ հիանալի եմ զգում այն կարգավիճակում, որ հիմա ունեմ, սակայն դժվարանում եմ ասել` ապագայում այդ ամենը ինչ զարգացում կունենա: Չեմ ուզում որոշակի հստակություն մտցնել այս հարցում, և առաջին հերթին այն պատճառով, որ այդ հստակությունը չկա: Անձնական ցանկություն` վերադառնալ, մտնել այդ ամենի մեջ, կրկին վերցնել պատասխանատվության այդ բեռը, չկա, սակայն միշտ էլ կան որոշակի հանգամանքներ”, – ասել է Քոչարյանը:

Երկրորդ նախագահը “Ազատության” հետ խոսել է ռադիոկայանի “Ռուսաստանը և ես” հաղորդաշարի շրջանակում, որին մասնակցել են նախկին խորհրդային երկրների մոտ մեկ տասնյակ էքս-նախագահներ:

Անդրադառնալով ռուսական ՀԷՑ-ի շուրջ բողոքի ցույցերին ու ընկերությունը ազգայնացնելու մասին հայտարարություններին, Ռոբերտ Քոչարյանը պնդել է՝ հարցը սուր հնչեղություն ստացավ Հայաստանում տիրող տնտեսական իրավիճակի պատճառով:

“Եթե տնտեսական դաշտում ընդհանուր դրությունն այնքան էլ լավ չէ, ապա, բնականաբար, սակագների անգամ ոչ մեծ բարձրացումը էականորեն ազդում է ցանկացած քաղաքացու բյուջեի վրա, և մարդիկ այս առումով արդարացիորեն վրդովվում են: Սակայն դրա պատճառները կարող են լինել և՛ ծառայությունները կարգավորողի գործողությունները, և՛ ընկերության անարդյունավետությունը, և՛ այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում էներգակիրների շուկայում: Պետք է մարդկանց բացատրել և ոչ թե մեղքը ուրիշի վրա բարդել”, – ասել է Քոչարյանը՝ հրաժարվելով կանխատեսել, թե ինչպես կարող են ի վերջո այս ցույցերը հանգուցալուծվել:

Երկրորդ նախագահը ընդգծել է, որ սեփականաշնորհման առաջին տարիներին ռուս ներդրողները ամենևին էլ հետարքրքված չեն եղել հայաստանյան ընկերություններով: «Այդ հետո էր, որ նրանց ախորժակը բացվեց», – պատմել է Քոչարյանը՝ մանրամասնելով․ – “Երբ ՀԷՑ-ը պետական էր, այն Հայաստանի էներգետիկ համակարգի ամենաթույլ օղակն էր: Մենք մեծ ջանքեր գործադրեցինք, նախ, որպեսզի գործընկերներ գտնենք, որոնք կսեփականաշնորհեն այն, ապա օգնեցինք այդ գործընկերներին կարգուկանոն հաստատել, այսինքն՝ ստեղծել նորմալ գործող ընկերություն, որը 2002-ից մինչև 2009 թվականը աշխատում էր շահույթով, կայուն սակագնային քաղաքականությամբ”:

Աղբյուրը այստեղ

Դիտվել է 218 անգամ
 


Այս թեմայով