Քայլականներն իրենց արտակարգ են զգում արտակարգ...

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանն առ այն, որ արտակարգ դրությունը երկարացվելու է։ Նա մասնավորապես նշել է, որ պետք է ամեն ինչ անել խաղաղ հավաքների տոտալ արգելքը վերացնելու համար, և անձամբ ինքն այլևս չի պատրաստվում բավարարվել հրապարակային խոսք ասելով ու բարձրաձայնելով։ Գրառումը՝ ստորև․

«Ինչպես և սպասվում էր՝ քաղաքական իշխանությունը մտադիր է երկարացնել արտակարգ դրությունը։ Քայլականներն իրենց արտակարգ են զգում արտակարգ դրության պայմաններում - հանրահավաքներն արգելված են, հանրաքվեն՝ կիսաչեղարկված, ում ուզում, երբ ուզում՝ տեղորոշում են, և այլն։

Վաղը լինելու է կառավարութան արտահերթ նիստ, ապա՝ Ազգային ժողովի հատուկ նիստ՝ արտակարգ դրությունը երկարացնելու համար։

Կառավարությունը դեռ չի հրապարակել «հունիս-հուլիս եթերաշրջանում» արտակարգ դրության նոր կանոնները, և մենք չգիտենք՝ արդյո՞ք ուժի մեջ է մնալու խաղաղ հավաքների տոտալ արգելքը, մինչդեռ այդ արգելքը վաղուց արդեն անհամաչափ է և անիրավաչափ։

Մի բան ինձ պարզ է. պետք է ամեն ինչ անել այդ տոտալ արգելքը վերացնելու համար, և անձամբ ես այլևս չեմ պատրաստվում բավարարվել հրապարակային խոսք ասելով ու բարձրաձայնելով։

Քաղաքացուն պետք է վերադարձնել խաղաղ հավաքների ազատությունը և վերջ»։