«Քաղաքացիական պայմանագրի» շանտաժը հանրությանը...

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ընթացքում հնչեցրած «ռազմական հաղորդագրություններին» (գրառումը՝ ստորև): Politik.am-ի հետ զրույցում քաղաքագետը մանրամասնում է, թե  իր կարծիքով՝ ինչ ենթատեքստ ունեն կուսակցության անդամների հայտարարությունները:

«Ինչու են անընդհատ խոսում ուժերի մասին, որոնք իրենց խանգարում են աշխատել: Սա հիշեցնում է այն դպրոցական երեխաներին, որոնք տնային աշխատանքը չկատարելու ժամանակ միշտ ինչ-որ պատճառներ են փորձում որոնել: Նույն այս իշխող ուժը պատճառներ է փորձում փնտրել, թե ինչու շոշոփելի հաջողություններ չկան: Եվ, բնականաբար, միակ պատճառն այն է, որ ինչ-որ հակահեղափոխական ուժեր կան, որոնք իրենց խանգարում են աշխատել, որոնք ժողովրդի վրա վատ ազդեցություն են ունենում: Բայց այս դեպքում ընդամենը մեկ հարց պետք է իշխող ուժի ներկայացուցիչներին տալ՝ իսկ մինչև հիմա իրենք ինչ են ցանկացել անել, որն իրենց խանգարել են, և խանգարելու  պատճառով չեն արել: Կարծում եմ՝ այդ հարցի պատասխանը իրենք չունեն: Դրանից հետո հասկանալի է, թե այդ պատճառաբանություններն ինչի համար են բերվում»,-նշում է Դանիելյանը:

Քաղաքագետն առանձնացնում է նաև երկրորդ խնդիրը՝ իշխող քաղաքական թիմին միշտ պետք են հակասություններ՝ քաղաքական դիսկուրս ձևավորելու համար.«Այսինքն՝ սա շանտաժ է հանրությանը, որ եթե մենք ինչ-որ հարցերում թերանում ենք, ապա դուք պետք է մեզ պաշտպանեք: Դրա մասին բառացի ասաց նաև Արարատ Միրզոյանը՝ «պաշտպանեք մեզ, հակառակ դեպքում կգան վատ, չար ուժերը, և մեզ պաշտպանելը ժողովրդի խնդիրն ու երազանքն է», սակայն այդ ինչ երազանք է, որ դեռ հայտնի չէ»:

Դանիելյանից հետաքրքրվեցինք նաև՝ ինչ է նշանակում «քաղաքացիական կուսակցություն», ինչին ի պատասխան՝ քաղաքագետն ասաց.«Դա շատ դժվար է մեկնաբանելը, որովհետև «քաղաքացիական կուսակցություն» արտահայտությունը քաղաքագիտության մեջ անհայտ եզր է: Իրենք հայտարարել են, որ իզմեր չունեն, իսկ ցանկացած կառավարության քաղաքականություն որևէ իզմի մեջ է մտնում, օրինակ՝ հարկերը բարձրացնելը մի իզմ է, հարկերն իջեցնելը՝ այլ իզմ, հարկերի համահարթեցումը մի երրորդ իզմ է և այլն. ցանկացած տնտեսական քաղաքականություն մի տեսական հիմնավորում է ունենում: Երբ ասում են՝ իզմ չունենք, ինչ-որ առումով ճիշտ են ասում, որովհետև իրենք, ըստ էության, ոչ մի քաղաքականություն չեն վարում, սա ինչ-որ տարերային քաղաքականություն է, որը չեմ կարող մեկնաբանել»: