Քաղբանտարկյալներին բանտում ճնշումների են ենթարկում

Gevorg-Safaryan«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրություն

Պայքարող քաղաքացու նկատմամբ հանցավոր վարչախմբի թշնամանքը չի մեղմանում անգամ նրան ապօրինի կերպով բանտ նետելուց հետո:

Առանձին խուց տեղափոխվելու վերաբերյալ քաղբանտարկյալներ Հայկ Կյուրեղյանի և Գևորգ Սաֆարյանի պահանջները, ինչին նրանք հասել էին հացադուլի միջոցով, բավարարվեցին շատ կարճ ժամանակով:

Գևորգ Սաֆարյանի պաշտպանի և ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի տեսակցություններից պարզ է դարձել, որ Գևորգ Սաֆարյանին Հայկ Կյուրեղյանի հետ միասին առանձին խուց տեղափոխելուց մի քանի օր անց` հունվարի 14-ին, Գևորգին նորից հանել են այդ խցից և տարել մեկ այլ խուց: Գևորգ Սաֆարյանն անմիջապես հացադուլ է հայտարարել: Ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի իրավունքների, հացադուլ է հայտարարել նաև Հայկ Կյուրեղյանը: Այնուհետև Գևորգ Սաֆարյանին տեղափոխել են առանձին պատժախուց: Իսկ Հայկ Կյուրեղյանի շատ նեղ խցում տեղավորել են մի քանի հացադուլավորների` դրա պայմաններն անտանելի դարձնելով այնտեղ գտնվողների համար:

Ի դեպ` տարբեր աղբյուրների միջոցով պատկան մարմիններից ստացվող փաստարկումը, որ այդ տեղափոխությունները պայմանավորված են կալանավայրի գերբեռնվածությամբ, հերքվում է Գևորգ Սաֆարյանին և Հայկ Կյուրեղյանին այցելած Զարուհի Փոստանջյանի տեղեկություններով, որոնց համաձայն Գևորգի պատժախուցը շատ ընդարձակ է:
Տեղի ունեցածը փաստում է, որ հանցավոր վարչախումբը ճիզվիտական հնարամտության իր ամբողջ զինանոցն օգտագործում է բանտում Գևորգ Սաֆարյանի և Հայկ Կյուրեղյանի կյանքը դժողքի վերածելու համար` կալանավորումն օգտագործելով որպես խոշտանգման, նվաստացման և անմարդկային վերաբերմունքի միջոց:

Դիտվել է 574 անգամ
 


Այս թեմայով