ՊՎԾ պետի տեղակալը «փողոցում ավելի քան 110 հազ...

ՊՎԾ-ում թեժ պայքար է գնում պետի ժամանակավոր պաշտոնակատրի պաշտոնի համար։ Այս պայքարում ուժեղ դիրքեր ունի ՊՎԾ պետի տեղակալ Արգիշտի Քարամյանը։ Չնայած, ըստ օրենքի պահանջի, ժամանակավոր պաշտոնակատար պետք է նշանակվի Ալբերտ Աբգարյանը, սակայն մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ կառավարությունից ճանապարհ են հարթում Արգիշտի Քարամյանի համար, և Ալբերտ Աբգարյանը պատրաստվում է հրաժարվել պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։

Արգիշտի Քարամյանը պատահական անձ չէ, նա նախկին իշխանությունների ժամանակ էլ բավական լուրջ պաշտոններ է զբաղեցրել։  28-ամյա երիտասարդը աշխատել է դատախազությունում, ՊԵԿ-ում։ Նրա հայրը Հայ առաքելական եկեղեցու հոգևորական է։

Արգիշտի Քարամյանը, չնայած իր երիտասարդ տարիքին և չնայած նրան, որ նախկինում մշտապես պետական պաշտոններ է զբաղեցրել,  պատկառելի կարողություն է կուտակել։ 

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում տեղադրված էին նրա 2017թ հայտարարագրերը։ Ըստ այդմ՝ թեմի առաջնորդի որդին ստացել է 4,674,807.0 աշխատավարձ, նրա դրամական միջոցները 2017թ հարկային տարում կազմում էին 32մլն դրամ, 48 հազար դոլար, 6000 դոլար փոխառություն։ Երեւանի դատախազի պաշտոնը ստանձնելու ժամանակ երիտասարդը ունեցել է 4 հողամաս, երկու բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված, հողին ամրակայված այլ շինություն, ավտոտմակ, MERCEDES-BENZ C 180 մեքենա, ինչպես նաեւ թանկարժեք զարդեր։

Իր կարողության մասով Քարամյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասել է․«Ես կարծում եմ, որ զուտ էթիկայի տեսանկյունից այնքան էլ ճիշտ չէ քննարկել որևէ մեկի ունեցավծքն ու կարողությունը։ Ես նախկինում աշխատել եմ տարբեր ուժային կառույցներում, զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ։ Պաշտոնապես հայտարարում եմ՝ երբևէ որևէ կոռուպցիոն սկանդալի մեջ չեմ եղել, որևէ կլանային համակարգում չեմ եղել, բիզնեսով էլ չեմ զբաղվել։ Կոռեկտ չեմ համարում քննարկել իմ ունեցվածքը»։

Քարամյանի այս մեկնաբանությունից հետո իր կարողության մասով անպատասխան հարցերը ավելացան։ Նրա հայրը հոգևորական է, և բնական է, որ չէր կարող նման ահռելի կարողություն նվիրել որդուն, Քարամյանն ինքը կրթություն ստանալուց անմիջապես հետո անցել է պատական համակարգ և իր հավաստմամբ բիզնեսով չի զբաղվել։ Նա նաև պնդում է, որ կոռուպցիոն սկանդալներում չի եղել (խմբ․ հավելենք, որ սկանդալներով հայտնի չլինելը դեռևս չի նշանակում մասնակից չլինել կոռուպցիոն պատմությունների)։

Քարամյանի մեկնաբանությունն  ստիպում է ենթադրել, որ նա ավելի քան 110 հազար դոլար գումարը, բնակարանները, հողամասները պարզապես գտել է։ Այլ բացատրություն այս պահին դժվար է գտնել, եթե իհարկե ստիպենք մեզ հավատալ երիտասարդին։