Պուտինը Փաշինյանին հրավիրում է զորահանդեսի, բ...

2019 թվականի ավարտին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է, որ 2020 թվականի առաջին կիսամյակում պաշտոնական առաջին այցով մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն:

«Երևանում մենք Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ փոխադարձ այցելությունների հրավերներ ենք փոխանակել: Պայմանավորվել ենք, որ նախ ես պաշտոնական այց կկատարեմ, այնուհետև նա կգա», - ասել էր Փաշինյանը:

Իր առաջիկա այցի մասին վարչապետ Փաշինյանը խոսել էր նաև տարվա սկզբին՝ Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ․ «Վլադիմիր Պուտինի հետ բավական հաճախ ենք հանդիպում: Խոսքն ուղղակի հանդիպման մասին չէ: Նախորդ տարի Ռուսաստանի նախագահի հետ մենք ձեռք բերեցինք պայմանավորվածություն, որ մենք պաշտոնական փոխադարձ այցեր կկատարենք, և հիմա աշխատում ենք, որպեսզի տարվա առաջին կեսին ես պաշտոնական այց ունենամ Մոսկվա»,-ասել էր վարչապետը։

Հետագայում մամուլում հայտնվեցին լուրեր, ըստ որոնց Փաշինյանին հրաժարվել են պաշտոնական այցով ընդունել Մոսկվայում։ Ըստ հրապարակումների՝ այցի չեղարկումը Հայաստանում գործող օտարերկրյա կենսաբանական լաբարատորիաներին առնչվող պայմանագրի կնքման չեղարկումն էր և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը։

Սակայն վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հերքել էր այս լուրերը և հայտարարել, որ վարչապետի այցը չեղարկվել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված։ 

Օրերս սակայն հայտնի դարձավ, որ վարչապետ Փաշինյանը պատրաստվում է մասնակցել հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին։ Լուրը Politik.am-ի հետ զրույցում հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Նա ասաց, որ վարչապետը հաստատել է իր մասնակցությունը, սակայն օրակարգի և հնարավոր հանդիպումների մասին այս պահին տեղեկություններ հայտնի չեն։ 

Վարչապետի խոսնակից փորձեցինք հասկանալ, իսկ երբ է իրականանալու պաշտոնական այցը, որն ըստ իշխանությունների հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Մանե Գևորգայնը կրկին անգամ ասաց, որ պաշտոնական այցը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով և այս պահին էլ պարզ չէ, թե երբ այն տեղի կունենա։

Այս մասով իշխանության պնդումները ըստ էության արժանահավատ չեն, քանի որ կորոնավիրուսի հետևանքով հետաձգված զորահանդեսը տեղի է ունենալու հունիսի 24-ին, որին մասնակցելու է նաև Հայաստանի վարչապետը և եթե պաշտոնական այցի չեղարկման այլ պատճառներ չլինեին, ապա այն արդեն կարող էր տեղի ունենալ։

Ըստ էության հունիսի 24-ի այցը վճռորոշ է վարչապետ Փաշինյանի համար։ Այդ օրը, եթե նա կարողանա շահել Վլադիմիր Պուտինի սիրտը, ապա շատ հնարավոր է, որ Ռուսաստանի Դաշնության իշխանությունները համաձայնեն պաշտոնական այցով ընդունել նրան։