Հայաստանում ռուսական ալիքների հեռարձակման արգելափակման մասին պնդումը տարակուսելի է և չի համապատասխանում Հայաստանի ղեկավարության՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մասին հայտարարություններին։ Այս մասին ասված է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության հաղորդագրությունում՝ ի պատասխան ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի հայտարարության, որ ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակումը հանրային մուլտիպլեքսում «ազգային անվտանգության սպառնալիք է»
«Ուշադրություն դարձրեցինք ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի այն հայտարարությանը, թե տեղական մուլտիպլեքսում արտասահմանյան, այդ թվում և ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակումը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը։ Զարմանքով նաև տեղեկացանք, որ իբր ՌԴ դեսպանը համաձայն է Հակոբյանի այս պնդման հետ։ Ուզում ենք հիշեցնել, որ ՌԴ դեսպանի հետ կայացած միակ, և այն էլ բավական վաղուց հանդիպման ժամանակ Հակոբյանի հնչեցրած առանց արտասահմանյան հեռուստաալիքների մուլտիպլեքս ունենալու կարծիքն ընդունվել է ի գիտություն։ Դրա հետ մեկտեղ, դեսպանն ընդգծել է, որ անհրաժեշտ է նաև հաշվի առնել ՀՀ բազմաթիվ քաղաքացիների շահերը, որոնք հանդիսանում են ռուսական ալիքներին հետևողների բավական կարևոր մաս։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի ղեկավարության՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին հայտարարությունների ֆոնին «ռուսական ալիքների վերահեռարձակմումը՝ ՀՀ ազգային անվտանգությանը սպառնալիք լինելու մասին թեզը» տարակուսանք է առաջացնում», - ասված է ՌԴ դեսպանության հայտարարության մեջ։
Ավելի վաղ Հակոբյանը հայտարարել էր, որ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում, որը ՀՀ քաղաքացիներին անվճար դիտումներ է ապահովում, օտար հեռարձակողներ չպիտի լինեն։ Ըստ Հակոբյանի՝ Հայաստանում հեռարձակվող մի քանի արտասահմանյան հեռուստաալիքներ կան, որոնք կարող են հայ հեռուստադիտողների մոտ բացասական կարծիք ստեղծել մեկ այլ երկրի նկատմամբ, օրինակ, Իրանի, Վրաստանի, Ուկրաինայի:
Այս միջադեպի ֆոնին հետաքրքիր է հիշել, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ակնհայտ դեմ է ռուսական հեռուստաընկերություններին, որոնք վերահեռարձակվում են Հայաստանում։ Հիմա Ավինյանը լռություն է պահպանում այս հարցի վերաբերյալ, բայց տարիներ առաջ իր հանրային հնչեցրած տեսակետը կարծես բացատրում է, թե ինչով է առաջնորդվում ՀՌՀ ղեկավարը, երբ խոսում է ազգային անվտանգության խնդրի մասին․«մենք չենք զգում, բայց աներևակայելի աստիճանի սուտը, որ ռուսական ալիքներով թափվում ա մեր ականջներին՝ մեզ իլյուզոր թշնամիներ ա ստեղծում ու դարձնում ռուսական իմպերիայի մասնիկ․․․Պուտինը Հայաստանը չի ճանաչում՝ իր համար՝ մենք իմպերիայի մի մասն ենք․․․իսկ հեռուստատեսությունը սարքել ա անձնական օգտագործման զենք․ ուղիղ ալիքով մտնում ա մարդկանց ուղեղները, թելադրում ա այն ինչ ինքն ա համարում ճիշտ․․ նման պասիվ քաղաքականությամբ մենք թողնում ենք ՀՀ քաղաքացուն վերածել Ռուսաստանի Դաշնության ենթակայի»,-գրել է Ավինյանը։
Մենք օրերս հարցում էինք ուղարկել Տիգրան Ավինյանի գրասնեյակ՝ հասկանալու համար, թե հիմա ինչպիսի՞ վերաբերմունք ունի նա ռուսկան հեռուստաալիքների վերահեռարձակման մասով։ Ավինյանի գրասնեյակը լռում է, ըստ էության տեսակետ չի փոխվել հակառակ պարագայում կշտապեին տեղեկացնել։
Եթե համեմատենք ՀՌՀ ղեկավարի հայտարարությունը և Տիգրան Ավինյանի նախկինում արած հայտարարությունը, ապա կտեսնենք դրանց պնդումների նույնականությունը։
Ակնհայտ է, որ ռուսական հեռուստաընկերությունների վերաբերյալ ՀՌՀ ղեկավար Տիգրան Հակոբյանը չէր կարող միանձնյա և ինքնագլուխ որոշոևմ կայացնել։ Սա քաղաքական որոշում է, որի հետևում ամենայն հավանականությամբ կանգնած է հենց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։