Պուտինը մերժել է Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության իշխանությունները շարունակում են անտեսել Հայաստանի Հանրապետության նոր իշխանություններին։ Այսօր Ղազախաստանի մայրաքաղաք Նոր Սուլթանում ավարտվեց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հնարավոր երկկողմ հանդիպումը չի կայացել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության պատվիրակության հետ Նուր Սուլթան մեկնած լրագրողները։ 

Նկատենք, որ շաբաթներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան ուղիղ  եթերի ժամանակ հայտարարել էր, որ մայիսի 29-ին կհանդիպի ՌԴ նախագահ Պուտինի հետ։ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին ապրիլի 19-ին խոսել էր նաև Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։

Փաշինյան-Պուտին հնարավոր հանդիպման տապալումը խոսում է մեկ բանի մասին՝ հայ-ռուսական հարաբերություններում շարունակում է անվստահության մեծ դոզա մնալ։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը անում է ամեն բան, որպեսզի դուր գա ռուսական կողմին, սակայն ջանքերը զուր են անցնում։ Բառացիորեն օրերս Փաշինյանը, անտեսելով իր իսկ կողմից հռչակած սկզբունքը, ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի բելառուսական կողմի թեկնածու Զասին և համաձայնեց 2020 թվականին նրա նշանակմանը։ 

Փաշինյանը ամիսներ առաջ ՀՀ օրենքների կոպտագույն խախտմամբ Սիրիա հայկական զորախումբ ուղարկեց։ Հայկական զորախումբը Սիրիա գնաց առանց որևէ միջազգային պայմանագրի՝ միայն ռուսական կողմի հետ ունեցած բանավոր պայմանավորվածության հիման վրա։

Փաշինյանի իշխանության օրոք հայ-ռուսական հարաբերությունները նման են «անպատասխան սիրո»։ Հայկական կողմը անմոռաց սիրում է, իսկ ռուսական կողմը չի նկատում այդ սերը։ Հետաքրքիր է, թե ինչպես կարձագանքեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, երբ նախկինները ռուսների նկատմամբ այսքան խոնարհ քաղաքականություն վարեին։